Forbes ամսագիրը հրապարակել է միլիարդատերներին պականող 5 ամենախելացի տների ընտրանին: Առաջին հնգյակում է հայտնվել արմատներով հայ ռուսաստանցի գործարար, ABBYY ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանի տունը:
Նշվում է, որ տան կառուցումը դեռևս ընթացքի մեջ է: Այն վերահսկվելու է «անկանխատեսելի» արհեստական բանականությամբ, որը կոչվում է Մորֆեուս:
«Մորֆեուսին տրված է ընտրության ազատություն. եթե նրան խնդրեն միացնել սուրճի մեքենան, բացել դուռը կամ որևէ այլ տնային աշխատանք կատարել, նա կկարողանա ինքնուրույն որոշել՝ անել դա, թե ոչ: Ժամանակի ընթացքում ռոբոտը բանկային հաշիվ կունենա և կկարողանա իրեր գնել Amazon-ից՝ իրեն կամ այլ մարդկանց»,- ասվում է Forbes-ի հոդվածում:
Մորֆեուսը, բացի տնային ծառայություններ մատուցելուց, ստիպված կլինի ուսումնասիրել գիտակցության ազատության մասին փիլիսոփայական աշխատություններ՝ Դավիթ Յանի «սոցիալական փորձարկման» շրջանակում, գրում է tert.am-ը՝ հղում կատարելով Rusarminfo-ին։
Ամենախելացի տների ցանկում են ներառվել նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ Մորգան Ֆրիմանի ձայնով խոսող տունը, Tesla և SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկի «կանաչ օդափոխիչներով» տունը, «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի ցուցիչ-քորոցով տունը և հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի «տաք ասֆալտով» տունը: