«Դա լրջագույն խնդիր է եւ հասարակությունը պետք է զգոն լինի, որովհետեւ զինված բանտախցերից դուրս եկած տղաներին, իմ կարծիքով, ցանկացած պատվեր կարելի է իջեցնել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հասարակության համար խնդրահարույց չի կարող լինել քրեական գործերով անցնող եւ տարբեր զինված խմբավորումների հետ առնչություն ունեցող անձանց՝ խափանման միջոց կալանավորման փոփոխությունը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված զինված խումը ստեղծելու մեջ մեղադրվող Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը։ Դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ, Արթուր Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Իսկ ավելի վաղ, 2018 թվականի ապրիլյան դեպքերից հետո, խափանման միջոց կալանավորումը փոխվել էր նաեւ ՊՊԾ գնդի գրավման մեջ «Սասնա ծռեր» զինված խմբավորման մի խումբ անդամների նկատմամբ։
Գուրգեն Եղիազարյանի խոսքով, այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատրաստվել այսպես ասած՝ պլան Բ-ին. «Զգալով, որ այլեւս ոչ «ժողովուրդ ջան»-ի, ոչ էլ «հպարտ»-ի հողը չունի ոտքերի տակ, Նիկոլը լրջագույնս սկսել է պատրաստվել պլան Բ-ին։ Չե՞ք տեսնում , էլ չի ասում ՝ «ժողովուրդ ջան»,«հպարտ քաղաքացիներ»։ Պլան Բ-ում կլինեն լուրջ հարձակումներ դեպի ընդդիմությունը։ Քանի որ Նորք Մարաշի ահաբեկչական խմբի դեպքում իրականում շինծու բաները շատ էին, չեմ կապում «Սասնա ծռեր»-ի հետ։ Իմ կարծիքով, Նիկոլը նրանց վրա է հույս դնում պլան Բ-ն իրագործելու համար, որի մասին մի փոքր ուշ կխոսեմ»։
Գուրգեն Եղիազարյանը զինված խմբավորումների հետ կապվող անձանց նկատմամբ դատարանների մեղմ վերաբերմունքի պատճառների մասին իր բացատրությունն ունի։
«Այս վերջերս մեզ պարզ դարձավ, որ «Սասնա ծռեր»-ին ստվերից ղեկավարում էր «Սորոս»-ի գրասենյակի կարկառուն ներկայացուցիչ եւ այդ գրասենյակը Հայաստանում հիմնադրող Գարեգին Չուգասզյանը։ Մի բան էլ հիշեցնեմ հանրությանը՝ «արաբական գարուն»-ից։ «Արաբական գարուն» կոչվածն ուղիղ կատարվեց «Սորոս»-ի թելադրանքով եւ այն բոլոր երկրները, որտեղ հաջողվեց ռազմական թեւ ստեղծել, կործանվեցին։ Հայաստանը ցանկանում են 3 բեւեռով կործանել՝ այդ ռազմական թեւով, Ամուլսարով եւ ուղիղ Արցախի հերոսներին ոչնչացնելով, այսինքն, թեւաթափ անելով։ Ինչպես դուրս կգանք այս ամենի տակից, դժվար է ասել, իմ հույսը Աստծո վրա է»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, կարծես թե հակառակ միտումն ենք տեսնում, այն է՝ համառորեն կիրառվում է խափանման միջոց կալանավորումը, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Օդում թեւածող լուրերի համաձայն, Ռոբերտ Քոչարյանն այսօր նստած է պատվերով, եթե ավելի ստույգ՝ սորոսյան գրասենյակի կողմից իջեցված պատվերով։ Եթե ինձ հարց տաք՝ ինչո՞ւ, շատ պարզ՝ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի բարեկամն է, եւ դա բավական է, որ նա՝ պատվերով, իր կյանքը անցկացնի խցերում»։
Ըստ Եղիազարյանի, եթե պատվերը լինի, ցանկացածին «փչած» հոդվածներով կտեղավորեն Քոչարյանի կողքին։ «Սրան էլ ավելացել է Նիկոլի թշնամանքը եւ, չնայած, որ կոկորդը պատռելով հայտարարում էր, թե ժողովուրդ ջան, վենդետա չի լինելու, իրականացնում է վենդետա»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: