ԱՄՆ Իլինոյս նահանգի Մոնմուտ քաղաքի բնակչուհի 16-ամյա Ռայլի Հորները գլխուղեղի վնասվածք է ստացել և զրկվել երկարաժամկետ հիշողությունից: Այժմ աղջիկը «խրվել-մնացել է» մեկ օրվա մեջ, և նրա կյանքը նման է «Առաջին 50 համբույր» ֆիլմի հերոսուհու կյանքին:
WQAD հեռուստաալիքը պատմում է, որ հուլիսի 11-ին պարային մրցույթի ժամանակ պատահաբար հարվածել են Ռայլիի գլխին, և նրա մոտ հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Աղջիկն ամեն օր արթնանում է և վստահ է, որ օրացույցում նույն օրն է:
Ռայլին բազմիցս դիմել է բժիշկների օգնությանը: Նրան ՄՌՏ են արել, սակայն որևէ շեղում չեն հայտնաբերել:
«Նրանք չեն կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում, նրա մոտ չկա ո՛չ ուռուցք, ո՛չ ուղեղի արնահոսություն»,- պատմել է աղջկա մայրը՝ Սառան:
Ռայլին ստիպված է ամեն ինչ գրի առնել՝ կարևոր իրադարձությունները չմոռանալու համար: Յուրաքանչյուր 2 ժամը մեկ նա զարդուցիչ է միացնում: «Իմ սենյակում դռան վրա օրացույց է կախված: Ես տեսնում եմ, որ արդեն սեպտեմբերն է, սակայն ոչինչ չեմ հասկանում: Մարդիկ ինձ չեն հասկանում: Նրանց համար իմ կյանքը ֆիլմի սյուժեի է նման»,- պատմել է աղջիկը:
Սառան հայտնել է, որ վերջերս մահացել է Ռայլիի հարազատ եղբայրը: «Նա այդ մասին չի էլ կասկածում, մենք նրան հիշեցնում ենք այդ մասին, սակայն անիմաստ է»,- նշել է աղջկա մայրը:
Բժիշկները զգուշացրել են, որ հիշողական խնդիրները կարող են մնալ ընդմիշտ: «Դա ինձ անհանգստացնում է: Մեզ օգնություն է անհրաժեշտ: Նա լավագույն կյանքին է արժանի»,- լրագրողներին ասել է Սառան:
med.news.am