Օրերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «ԱՐՄՈՆ» ընկերությունը պատրաստվում է չեղարկել Արարատի մարզում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած կոկորդիլոսաբուծարանի մասին է, որի ստեղծման մասին հայտնել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր գործունեության 100-րդ օրն ամփոփող ասուլիսի ընթացքում: Ասուլիսը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ մոտ մեկ տարի առաջ: Սակայն հանրության շրջանում բուռն արձագանք ստացած ծրագիրը մեծ հավանականությամբ չեղարկվելու է:
AntiFake.am-ի հետ զրույցում «ԱՐՄՈՆ» ընկերության տնօրեն Խաչատուր Սարգսյանը, անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, հաստատեց ծրագրի հնարավոր չեղարկման լուրերը: Սարգսյանի խոսքերով՝ որոշակի քաշքշուքները, այն է՝ «հին օրենքները», ժամանակային մեծ կորուստը, ներդրողների համար խոչընդոտ են հանդիսանում: «Ներդրումային ծրագրի աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ, սակայն արդյունքները տեսանելի չեն», – ասում է Սարգսյանը:
Ըստ Խաչատուր Սարգսյանի՝ ներդրումային ծրագրերի համար խնդիրները համակարգային են։ «Նամակ ենք գրում, երկու շաբաթ սպասում պատասխանի, պատասխանից հետո նորից նամակ ես գրում, արագություն չկա, միջին օղակներում հետաքրքրություն չկա: Ճիշտ է վերին օղակներում ցանկությունը մեծ է, սակայն միջին օղակներում (խոսքը տարբեր նախարարությունների և կառույցների մասին է) առհասարակ ցանկություն չունեն գործ անելու և ներդրումներ բերելու: … Գումարը պատրաստ է, բայց մենք հրաժարվում ենք, վերջնական չենք որոշել, բայց չեղարկման հավականությունը ավելի մեծ է..», – մանրամասնեց Խաչատուր Սարգսյանը։
Ավելի մանրամասն՝ AntiFake.am