ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգակարգաբերում» մասնաճյուղում այսօր տեղի է ունեցել ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացման արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։
Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ ժամանակակից առաջին լաբորատոր համալիրը Հայաստանում հիմնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի շրջանակներում, որին իր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Լաբորատորիայի աշխատակիցներին, գործընկերներին և հյուրերին ուղղված իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ «Էներգասպառող սարքավորումների էներգախնայողական պահանջների վերաբերյալ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարմանը և էներգախնայող որակյալ լուսատու արտադրանքների շուկայահանմանն ու օգտագործմանը խթանող այս լաբորատորիան իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում և միաժամանակ համոզմունք հայտնել, որ այն հանդիսանում է ոլորտի զարգացմանը նպաստող կարևոր ձեռքբերում։
«Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի գործողությունների համալիրով իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում ներքին և արտաքին լուսավորության սարքավորումների ու համակարգերի էներգաարդյունավետության և այլ լուսատեխնիկական ցուցանիշների՝ գործող նորմատիվաիրավական դաշտի պահանջներին համապատասխանության գնահատման կարողությունների հզորացմանը և մեխանիզմների հզորացմանն ուղղված միջացառումներ:
Ծրագրի շրջանակներում 2018 թվականին իրականացված ուսումնասիրության և շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքներով լեհական GL Optic ընկերությունից ձեռք է բերվել և Հայաստան ներմուծվել Լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ լաբորատոր համալիրը։ Լաբորատոր փորձարկումները համապատասխանում են ԳՕՍՏ Ռ 55702-2013 «Էլեկտրական լույսի աղբյուրներ. Էլեկտրական և լուսային ցուցանիշների չափման մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 55703-2013 «Էլեկտրական լույսի աղբյուրներ. Սպեկտրալ և գունային բնութագրերի չափման մեթոդներ» ստանդարտների պահանջներին, ինչպես նաև հիմնված են CIE 13.3-1995 ստանդարտի ընթացակարգերի վրա: