
Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում՝ շնորհակալություն հայտնելով հայրենակիցներին՝ աջակցության համար:
Ղազախստանի մայրքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկը կողոսկրի կոտրվածքի պատճառով երեկ՝ սեպտեմբերի 16-ին, չկարողացավ մասնակցել չեմպիոնի կոչման համար եզրափակիչ գոտեմարտին:
«Հարգելի հայրենակիցներ, Անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան», – գրել է Ալեքսանյանը: