Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերից հետո ռուսական լրատվամիջոցներն սկսեցին զուգահեռներ տանել նրա ու ռուս մեկ այլ հայտնի աստղ, վաղամեռիկ Ժաննա Ֆրիսկեի միջև:
Հիշեցնենք, որ Ֆրիսկեի մոտ նույնպես չարորակ նորագոյացություն էր հայտնաբերվել այն բանից հետո, երբ նա արհեստական բեղմնավորում էր կատարել:
Life-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք արհեստական բեղմնավորումը որևէ կապ կարող է ունենալ կնոջ օրգանիզմում նորագոյացությունների առաջացման վտանգի հետ: Լրատվամիջոցի զրուցակիցներից ուռուցքաբաններ Անդրեյ Կորժիկովը և Անդրեյ Կուբաշևը տեսակետ են հայտնել, որ օրգանիզմում չարորակ նորագոյացության անգամ աննշան առկայությունը կամ դրա նախատրամադրվածությունը կարող է հետագա բարդություններ առաջացնել՝ ցանկացած պատճառով: Դա կարող է լինել տրամադրության վատթարացման ու սթրեսի հետևանքով:
Նրանք հայտարարել են, որ բեղմնավորումը նման դեպքերում կարող է պարզապես խթան դառնալ նման խնդիրների խորացման, որոնք մինչ այդ էլ եղել են, սակայն զգացնել չեն տվել:
Ի հակադրության այս տեսակետի՝ վիրաբուժության և ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Տիտովը հայտարարել է, որ այն տեսակետը, որ բեղմնավորումը կարող է օրգանիզմում չարորակ նորագոյացության առաջացման պատճառ դառնալ՝ գիտականորեն ապացուցված չէ:
Նա հայտարարել է, որ աշխարհում հազարավոր մարդիկ ամեն տարի դիմում են այդ միջոցին ու անցած մի քանի տարիների ընթացքում այս ճանապարհով ավելի քան 10 մլն երեխա է ծնվել ու նման ուղիղ վտանգ չի արձանագրվել պրակտիկայում: