Հարբուխի սեզոնին ընդառաջ. հուշաթերթիկ՝ մայրիկների համար
Advertisement 1000 x 90

Հարբուխի սեզոնին ընդառաջ. հուշաթերթիկ՝ մայրիկների համար

Քանի որ շուտով սկսվելու է հարբուխի սեզոնը, Doctors.am-ը ցանկանում է հիշեցնել ծնողներին, թե ինչ է կարելի եւ չի կարելի անել վերին շնչուղիների վարակների ժամանակ:

Ի՞նչ է վերին շնչուղիների վարակը

Վերին շնչուղիների վարակները մանկական հասակում ամենահաճախ հանդիպող խնդիրներից են: Երեխաները կյանքի առաջին 3-5 տարիներին կարող են տարեկան մինչեւ 10-12 վերին շնչուղիների չբարդացած վարակներ ունենալ: Մեծանալուն զուգահեռ այդ հաճախականությունը նվազում է:

Վերին շնչուղիների վարակների պատճառը մեծ մասամբ վիրուսներն են: Երեխան կարող է վարակվել օդակաթիլային ճանապարհով, հիվանդի հետ սերտ շփման ժամանակ:

Որո՞նք են վիրուսային վարակի նշանները

Եթե ձեր երեխան ունի վիրուսային վարակ, ապա կարող եք նկատել հետեւյալ գանգատները՝

  • քթից արտադրություն
  • քթի փակվածություն
  • աչքերի կարմրություն, արցունքահոսություն, ճպռոտում
  • կոկորդի ցավ
  • ջերմություն՝ ցածրից մինչեւ բարձր
  • ցան
  • հազ
  • լուծ, սրտխառնոց
  • ընդհանուր թուլություն

Ինչպե՞ս վարվել, երբ երեխան ունի վիրուսային վարակի նշաններ

  • Երեխային փոքր ծավալներով հաճախ հեղուկ խմեցրեք: Շատ երեխաների հիվանդ ժամանակ հրաժարվում են ուտելքից, եւ դա խնդիր չէ, քանի դեռ նրանք բավականաչափ հեղուկ են խմում: Կազդուրվելուց հետո ախորժակը կվերականգնվի:
  • Կրծքով կերակրվող երեխային ավելի հաճախ մոտեցրեք կրծքին, արհեստական կերակրվողներին էլ հաճախ կերակրեք եւ ջուր տվեք:
  • Երեխան կարիք ունի հանգստի:
  • Եթե երեխան ունի կոկորդի ցավ կամ մկանացավ, տվեք ցավազրկող, ինչպիսիք են պարացետամոլը կամ իբուպրոֆենը: Դեղաչափը քննարկեք ձեր բժշկի հետ: Հիշեք, որ իբուպրոֆենը չի կարելի տալ 3 ամսականից փոքրերին:
  • Երեխային հազի դեղորայք մի՛ տվեք:
  • Անհրաժեշտ է ապահովել քթով ազատ շնչառություն, ինչի համար կարող եք  օգտագործել աղային լուծույթով քթի կաթիլներ:

Վիրուային վարակը հիմնականում տեւում է 3-5 օր, 3-րդ օրվանից հետո գանգատները ովորաբար մեղմանում են: Հազը կարող է պահպանվել մինչեւ 3 շաբաթ:

Ե՞րբ դիմել բժիշկի

  • Երեխան 3 ամսականից փոքր  է եւ ունի վիրուսային վարակի նշաններ:
  • Ցավը չի մեմանում պարացետամոլ կամ իբուպրոֆեն ընդունելուց հետո:
  • Առկա են փսխումներ, լուծ:
  • Երեխան հրաժարվում է հեղուկներից, թույլ է, նկատել եք մեզի քչացում:
  • 48 ժամ հետո էլ ջերմության բարձրացումը պահպանվում է:

Անհապաղ դիմեք բժիշկի, եթե ձեր երախան ունի

  • Դժվարացած շնչառություն
  • Անզուսպ փսխումներ, առատ լուծ
  • Շատ գունատ է, քնկոտ
  • Ունի գլխացավ, լուսավախություն:

Բժիշկը վիրուսային վարակի դեպքում երեխային կնշանակի սիմպտոմատիկ բուժում՝ ջերմիջեցնողներ, քթի կաթիլներ, առառ հեղուկներ: Եթե երեխան ունի փսխումներ, թույլ է, չի կարողանում հեղուկներ խմել, ապա կարող է հիվանդանոցային բուժման կարիք լինի՝ մասնավորապես ներերակային հեղուկներ ստանալու նպատակով:

Վիրուսային վարակի ժամանակ հակաբիոտիկներ չեն նշանակում, քանի որ դրանք չեն ազդում վիրուսային վարակի վրա:

Ցանկացած վիրուսային վարակ կարող է բարդանալ, օրինակ՝ ականջի բորբոքումով կամ թոքաբորբով: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ:

doctors.am