Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի պարոն Փաշինյան, լսեցի ձեր հայտարարությունը ձեր իշխանությանը անհնազանդ հոգևորականներին ծունկի բերելու մասին և ցանկանում եմ կարճ արձագանքել:
Հայրս Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է:
Նա, ինչպես բոլոր եկեղեցականները, ամեն օր երկու անգամ ծունկի է գալիս խորանի առաջ՝ ժամերգությունների ժամանակ:
Ընդհանրապես ավելի քան 48 տարվա հոգևոր ծառայության ժամանակ հայրս ծնկաչոք աղոթել է Հայաստանը և Արցախը առաջնորդող բոլոր պետական գործիչների համար, Աստծուց իմաստություն խնդրելով նրանց համար:
Աղոթել է Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ընդ որում՝ Տեր-Պետրոսյանի մայրը՝ տիկին Ազատուհին հաճախ էր այցելում Սուրբ Գեղարդի վանք ծունկի գալու և հորս օրհնությունը ստանալու, աղոթել է Ռոբերտ Քոչարյանի համար, աղոթել է Սերժ Սարգսյանի համար, աղոթել է Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի համար: Երբ դուք բանտարկված էիք` հայրս աղոթում էր նաև ձեզ համար…
Չգիտեմ՝ այսպիսի արտահայտություններից հետո դեռ որքան կղեկավարեք Հայաստանը, բայց ոչ ես, ոչ դուք հավերժ չենք: Հավերժ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հավերժ է Հայաստանի Հանրապետությունը, որի ստեղծման և կայացման համար արժանի և խոնարհ կյանքեր են զոհաբերվել:
Ցավով արձանագրում եմ, որ դուք այլևս պատմության մեջ մտաք որպես մի ղեկավար, ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին: Հայ եկեղեցականին, ով նույնիսկ ձեր կողմից ուժով ծունկի բերվելուց հետո, աղոթելու է Աստծուց իմաստություն խնդրելով ձեզ համար հանուն Հայաստանի Հանրապետության:
Հ.Գ. Լուսանկարում հայրս՝ Տեր Պետրոս Ավագ Քահանա Մալյանը Ավագ Հինգշաբթի ծնկաչոք լվանում է սարկավագների ոտքերը՝ քրիստոնեական հնազանդության օրինակ ծառայելով»:
Հարգելի պարոն Փաշինյան, լսեցի ձեր հայտարարությունը ձեր իշխանությանը անհնազանդ հոգևորականներին ծունկի բերելու մասին և…
Gepostet von Narek Malyan am Montag, 23. September 2019