Այն հանգամանքը, որ դարեր ի վեր հայ եկեղեցին է հանդիսացել հայապահպանության գլխավոր ու միայնակ պաշտպանը, ապացուցման ու հիմնավորումների կարիք ընդհանրապես չկա, քանի որ քրիստոնեությունն է այն միակ հզոր ուժը, որը պահպանել է հայ ժողովրդին։ Դարերից եկող իմաստնություն է, երբ պետությունն ու եկեղեցին գործել են հանուն ազգի շահերի, միմյանց կողք կողքի կանգնած, պետությունն ունեցել է կտրուկ վերելք ու զարգացման հստակ ուղի է բռնել, իսկ մասնատվածության ու բևեռվածության դեպքում ունեցել ենք անդառնալի կորուստներ՝ ընդհուպ պետականության կորուստ։
ՀՀ Երրորդ Հանրապետության 30 տարիների ընթացքում հայ եկեղեցին պետության կյանքում ունեցել է առանցքային նշանակություն, քանի որ մշտապես կանգնած է եղել պետության և գործող իշխանության կողքին։ Սակայն այն զարգացումները, որոնց ականատեսն ենք դառնում վերջին մեկուկես տարվա ընթացքում, դուրս են ամեն պատկերացումից։ ՀՀ գործող իշխանությունները, ստանձնելով երկրի ղեկավարությունը, առաջին իսկ օրից բավական ընդգծված ու հատուկ վերաբերմունք սկսեցին դրսևորել Հայ Առաքելական եկեղեցու, ավելի կոնկրետ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի նկատմամբ։
Դեռևս իշխանազավթման օրերին էր, որ Փաշինյանը հրապարակներից հայտարարում էր՝ «եկեղեցին ինդուլգենցիաներ է բաժանում քրեաօլիգարխիկ ռեժիմին, կազմում է նրա մի մասը» և նմանօրինակ հռետորաբանություն։
Իսկ նախօրեին ականատես եղանք բավականին հետաքրքիր մի դրվագի. զարմանալի «զուգադիպությամբ»՝ հայ եկեղեցուն քննադատող ծավալուն երկրորդ հրապարակումն է ներկայացրել բրիտանական BBC-ն՝ իր հոդվածի «գլխավոր հերոս» դարձնելով Մաքենյաց վանքի վանահայր Կորյուն վարդապետին, ով հայ հանրությանը հայտնի է իր ղեկավարած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակազգային շարժմամբ։ Հավելենք, որ նշյալ Կորյուն վանահայրն իշխանափոխությունից հետո դարձել էր հայաստանյան հեղափոխական իշխանությունների «քարոզիչը», քանի որ իր կազմակերպած ակցիաներով և գործողությունների շարքով հակաքրիստոնեական գործունեությամբ էր զբաղված՝ թիրախում պահելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, ինչը ՀՀ իշխանությունների մոտ ակնհայտ լրացուցիչ հրճվանքի առիթ էր դարձել։ Միևնույն ժամանակ՝ նախօրեին Լոս Անջելեսում հրավիրած իր ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, Փաշինյանը հոխորտալից հայտարարեց, որ «ՀՀ իշխանությունները ծնկի կբերեն բոլոր այն հոգևորականներին, ովքեր կցուցաբերեն անհնազանդություն»։
Փաստենք՝ սա բացահայտ ուղիղ սպառնալիք է՝ ուղղված հոգևոր ողջ դասին։ Զարմանալի էր, սակայն, փաստորեն Նիկոլ Փաշինյանին այս «ծնկի բերման» գործընթացում սինքրոն աջակցություն ցուցաբերեց բրիտանական առաջատար լրատվամիջոցներից մեկը։
Բանն այն է, որ BBC-ի հրապարակման մեջ մանրամասն ներկայացվում է Կորյունի գործունեությունը, նշվում, թե ինչ «հալածանքների ու կտտանքների» է ենթարկվում հայ հանրության և ողջ եկեղեցու կողմից։ Հոդվածում ներկայացված է նաև, թե ինչպես են եկեղեցուց վտարված նախկին հոգևորականներն իրենք իրենց ձեռնադրում, քաղաքներից հեռու վանքերում արարողություններ անում, մարդկանց կաթողիկոսի դեմ են տրամադրում։ Սա հերթական սովորական բոյկոտը չէ, այլ ազգային արժեքներին, եկեղեցուն ու ողջ ժողովրդին բացահայտ հայտարարված պատերազմ։ Ինչ վերաբերում է «եկեղեցականներին ծնկի բերելուն», ապա պետության ղեկավարը նման որակումներ տալով՝ փաստում է իր փոքրոգությունն ու նաիվությունը, երբ հերթական դավադիրների օջախն է նկատում՝ այս անգամ՝ հայոց հոգևոր դասի շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի է, որ իր իշխանության վերջին ամիսներն են, ուստի նա փորձում է հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներն օգտագործել նոր օրակարգ ձևավորելու համար։ Այլևս փաստ է՝ Փաշինյանը մի գործիչ է, ով բացահայտ դուրս է եկել Հայոց եկեղեցու դեմ։ Եվ, թերևս, ճիշտ են այն տեսակետները, որ այս ամենի մեջ առանցքային դերակատարություն ունեն նրա արտասահմանյան «հայրերն» ու պատվիրատուները, որոնց համար գոյություն չունեն ոչ ազգեր, ոչ կրոններ, առավել ևս՝ ոչ էլ ազգային ավանդույթներ։
Արմեն Հովասափյան