ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ 2020 թվականից սկսած մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
Այդ մասին փոխվարչապետն ասել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստում, տեղեկացնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Նախատեսվող ծրագրով առաջարկվում է.
1. Վեց անգամ բարձրացվելու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։
2. Երկու անգամ բարձրացվելու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից հասցվելով մինչև 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։
3. Շուրջ 41 տոկոսով բարձրացվելու է աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։
4. Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ է մտցվելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:
«Աշխատանք ենք տանելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երեւույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում ունենալու ենք երկարօրյա խնամքի եւ ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպելու ենք խնամք ժամը 08:30-ից մինչեւ 19:00-ն: Արդյունքում աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպելու»,- ասել է փոխվարչապետը:
Նա հավելել է, որ 2020-ը մեկնարկելու է հավակնոտ ծրագրերով, որոնց շրջանակում երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:
Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն. դրամ: Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մարզային բնակավայրերում նպատակային բնակարանաշինական ծրագրերով, որով Քաղաքաշինության կոմիտեն արդեն զբաղվում է: