Ռումինիայի Պատգամավորների պալատում միաձայն ընդունվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը: Այս մասին տեղեկացրեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը:
«Անչափ հպարտ էի և ուրախ այսօր՝ սեպտեմբերի 24-ին ներկա գտնվելու «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագծի քննարկմանը, որը միաձայն ընդունվեց նաև Պատգամավորների պալատում: Շնորհակալություն Ռումինիայի խորհրդարանի բոլոր անդամներին և, հատկապես, օրինագիծը նախաձեռնած Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանին և Վարուժան Ոսկանյանին»,-նշեց Մինասյանը։
Մինասյանն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուի և խորհրդարանին անդամների հետ, քննարկել հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը: Ռումինական կողմից սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին հանդիպման հնարավորության ընձեռման համար և հույս է հայտնել, որ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը, հետևելով Սենատի օրինակին, սեպտեմբերի 24-ին կընդունի հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Ռումինիայի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարները՝ հատուկ կարևորություն տալով երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների ու համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը։
Ռումինիայի սենատը 2019 թ․ սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել էր հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։