Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Իջևանի և Դիլիջանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել օտարերկրյա 5 քաղաքացի՝ հետևյալ ախտանշաններով՝ կտրուկ ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն:
Հիվանդները կերել են անտառից իրենց իսկ հավաքած սունկը: Նախնական ախտորոշվել է «էկզոգեն թունավորում սնկից»:
Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդներն ավելի ուշ տեղափոխվե են Երևան՝ բուժումը շարունակելու համար:
Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.
-սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
-չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
-ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ և կարող է արտաքին տեսքով շատ նման լինել,
-չկա որևէ մշակման միջոց, որը կչեզոքացնի սնկի թույնը,
-սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական միջոցները, ըստ որի՝ եփելու ընթացքում արծաթը սևանում և սևացնում է սնկային արգանակը, կամ թունավոր սնկին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները,
-չուտել հում սունկ,
-երեխաներին չկերակրել սնկով,
-աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
-սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
-թարմ սունկը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
-չզբաղվել ինքնաբուժմամբ։