Ավտոմեքենան հաշվառելու համար այսուհետ այն ոստիկանության հաշվառման կենտրոն ներկայացնելը պարտադիր չէ։ Հաշվառումը հնարավոր կլինի իրականացնել միայն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելով։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը` նշելով, որ նման որոշման նպատակը ոստիկանության հաշվառման– քննական կենտրոններում առաջացած հսկայական հերթերի թեթևացումն է։
«Մեր մասնագետներն արդեն աշխատում են նաև էլեկտրոնային եղանակով հաշվառում իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր կարող են նաև նման տարբերակով գործողություններ կատարել, նույնիսկ փաստաթղթերը չներկայացնեն հաշվառման–քննարկման բաժանմունք»,– ասաց Սարգսյանը։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից հանվում են նաև ԱՊՊԱ պայմանագրի ու գույքի գրանցման մասին փաստաթղթերի ներկայացման պահանջները, որոնք այս պահին դեռևս պարտադիր պահանջվողների ցանկում են։
Նույն որոշմամբ պարզեցվում է նաև առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով ընկերությունների կողմից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների հաշվառման պահանջները։
Փոխարենը այսուհետ ավտոմեքենաների տեխանձնագրերի վրա կնշվի տրանսպորտային միջոցի շարժիչի տեսակը։
«Տեխանձնագրի վրա կնշվի, դիզելային, էլեկրոմոբիլ, գազ կամ բենզին,– ասաց ոստիկանապետը,– սա արվում է նրա համար, որ առաջիկայում հիմք նախապատրաստվի էլեկտրոմոբիլներին հարկային արտոնությունների տրամադրման համար»։
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ որոշման ընդունումից հետո «դժոխային հերթերը» հաշվառման կենտրոններում կվերանան։
Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարց ուղղեց ոստիկանության պետի պաշտոնակատարին, թե ինչու 21-րդ դարի Հայաստանում դեռ չեն հրաժարվում տեխանձնագրերից ու դրանք նույնացնում սեփականության վկայականների հետ։
Արման Սարգսյանը չբացառեց, որ առաջիկայում կարող է դիտարկվել նաև այդ տարբերակը։