ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամի դիմերեսին Կոմիտաս Վարդապետի գծանկարներն են, հատվածներ «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891թ.)` հայկական և եվրոպական նոտագրությամբ:
Դարձերեսին Կոմիտաս Վարդապետի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքի (ճարտարապետ` Հ. Աբգարյան) ուրվագիծը, կռունկի, հայկական և եվրոպական նոտաների ոճավորված պատկերներ:
«Կոմիտաս-150» արծաթե հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, հատվել է 500 հատ տպաքանակով և 925 հարգի արծաթից, քաշը 33,6 գրամ է, տրամագիծը՝ 40,0 մմ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ ատամնավոր։
Հուշադրամի Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյան (դարձերես):
Այն հատվել է Լիտվայի դրամահատարանում: