Անկեղծ ասած՝ ինձ համար այնքան էլ տարօրինակ չէր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրատվամիջոցներից մեկի տաղավարում ՀՅԴ-ի՝ դատական համակարգի բռնազավթման մասին արտահայտած տեսակետի առիթով Դաշնակցության քայլերը մեկնաբանելուց հրաժարվելը, վայրկյաններ անց՝ նաև ՀՅԴ-ի հասցեին որոշ որակումներ հնչեցնելը: Անկեղծ, զարմանալի կլիներ, որ կյանքում ընդամենը 130 կմ ճանապարհ անցած անձինք մեկնաբանեին 130-ամյա ուղի անցած և պատմություն կերտած կուսակցությանը կամ բանավեճի մեջ մտնեին նրա ներկայացուցիչների հետ: Բայց դրա մասին չէ, որ կուզենայի գրել:
Հարգելի Ալեն Սիմոնյանն օրը ցերեկով, չուզենալով մեկնաբանել ՀՅԴ-ին, այդուհանդերձ, լավ էլ տեղը տեղին մեկնաբանեց, ավելին՝ ՀՅԴ-ին չմեկնաբանելով մեկնաբանելն այնքան կարևոր էր նրա համար, և ՀՅԴ-ի գործոնի խնդիրն այնքան տանջալից հարց է այսօր նրա թիմի համար, որ նշված տաղավարում ՀՅԴ-ի մասին հարցը բնավ էլ պատահական չէր, և միայն խաշած հավին պարզ չէր, որ պարոն Մնացականյանը կատարում է նրա խնդրանքը կամ առաջարկը: Եվ այստեղ ամեն ինչ միանգամայն օրինաչափ է. Ալեն Սիմոնյանն ապացուցեց, որ ՀՅԴ-ն չի՛ տեղավորվում իրենց կազմաքանդիչ ծրագրերի մեջ, այն մեծ ոսկոր է իշխանությունների կոկորդին, ՀՅԴ գաղափարաբանության առկայությունը երկրում տանջում է նրան ու նրա գաղափարազուրկ թիմին, և, այո՛, նա ճիշտ է, նա կարող էր հաճույքով մեկնաբանել ընդդիմադիր դաշտում գտնվող այլ ուժերի, օրինակ, խորհրդարանական ընդդիմությանը, որոնց ելույթներն ամեն օր իր աշխատասենյակում կամ դահլիճում լսում է, բայց նա դա չարեց, որովհետև նրա թիմին իրական ցավ պատճառողն այն քաղաքական ուժն է, որն «անկառավարելի է» և ընթանում է ինքնուրույն քաղաքական օրակարգով:
Հարգելի Ալեն Սիմոնյանն իր խոսքում մեղադրում է Արծվիկ Մինասյանին Ամուլսարի հարցում դիրքորոշումը փոխելու մեջ: Պարո՛ն Սիմոնյան, գիտեք՝ հին ժողովրդական խոսք կա՝ դու ասա, որ քեզ չասեն: Դուք ձեր դիմաց ձեր թիմակից հսկա վարչապետին մի՞թե չեք տեսնում, և կարիք կա՞ հիշեցնելու, թե ինչ էր նա ասում Ամուլսարի մասին երեկ, ինչ է ասում այսօր, ինչ էր նա ասում ԵԱՏՄ-ի, արագաչափերի, կարմիր գծերի, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի պարկում կանգնած և դիտավորյալ չշահագործվող ավտոբուսների մասին երեկ, ինչ է կատարվում այսօր քաղաքում և երկրում… Կարծում եմ՝ այսքանն էլ բավական է, և Դուք հասկացաք, որ շատ խոցելի էր Ձեր՝ ՀՅԴ-ին չմեկնաբանելու մասին արված հիմնավորումը, և ես՝ որպես դաշնակցական, ձեզանից միշտ կսպասեմ ՀՅԴ-ի վարկանիշը բարձրացնող այդպիսի «հիմնավորումներ»:
Ամբողջությամբ՝ yerkir.am