Ալտահար Քիմ Քաշքաշյանը «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա Երևանում` կատարելով Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
Հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյին ալտահարի հետ հանդես կգան հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովսկին և ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` այս անգամ նվագակցող-դաշնակահարի դերում:
Քիմ Քաշքաշյանը 2013 թվականին իր «Կուրտագ և Լիգետի: Երաժշտություն ալտի համար» կատարմամբ արժանացավ հեղինակավոր Գրեմմի մրցանակին: Որպես մենակատար Քաշքաշյանը հանդես է եկել Բեռլինի, Լոնդոնի, Վիեննայի, Միլանի, Նյու Յորքի, Քլիվլենդի նվագախմբերի հետ։ Բեմում նրան ընկերակցել են Էշենբախը, Մետան, Վելզեչ-Մյոստը, Կոչիշը, Դենիս Ռասել Դևիսը, Բլումստեդը, Հոլիգերը: Քաշքաշյանը մենահամերգներ է ունեցել Վիեննայի, Հռոմի, Փարիզի, Բեռլինի, Մյունխենի, Տոկիոյի, Աթենքի, Լոնդոնի, Նյու Յորքի, Բոսթոնի, Չիկագոյի, Սան Ֆրանցիսկոյի և Ֆիլադելֆիայի համբավավոր դահլիճներում: Նա նաև մշտական մասնակիցն է Վերբյեի, Զալցբուրգի, Լոքենհաուսի, Մարլբորոյի և Չիկագոյի երաժշտական փառատոնների:
2001 թվականին նա արժանացել է Կաննի դասական մրցանակին, 1999 թվականին՝ Էդիսոնյան պարգևին, ինչպես նաև երաժշտության մեջ ունեցած իր ներդրումի համար ստացել է Փիբոդի և Շվեյցարիայի «Ոսկե աղեղ» մրցանակները: Քաշքաշյանը դասավանդել է Ինդիանայի համալսարանում, Ֆրայբուրգի կոնսերվատորիայում և Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտական ակադեմիայում: Այժմ Քիմ Քաշքաշյանը բնակություն է հաստատել Բոստոնում, և Նոր Անգլիայի կոնսերվատորիայում դասավանդում է կամերային երաժշտություն և ջութակ: Քաշքաշյանը հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարն է «Երաժշտություն՝ սննդի համար» նախաձեռնության, որի շրջանակում ելույթ են ունեցել հարյուրավոր արտիստներ, ինչի արդյունքում ավելի քան կես միլիոն կարիքավոր մարդիկ անվճար սնունդ են ստացել: