Գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեծանուն գրողի նամականիշը:
120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները մարդկանց կրկին հիշեցնում են տվյալ գրողների մասին:
«Մեր քաղաքացիները մշտապես պետք է հիշեն հայ գրողներին և գրականության հետ կապը պահվում է նաև այս նամականիշներով, հիշատակելով, տարբեր երեկոներով»,- ասաց Միլիտոնյանը:
Նրա խոսքով՝ տարեսկզբին էլ եղել է հայ գրող Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում, իսկ դեկտեմբերին շրջանառության մեջ կդրվի բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակին նվիրված նամականիշը:
Նամականիշի վրա պատկերված է Գևորգ Էմինի դիմանկարը՝ կատարված համակարգչային գրաֆիկայի եղանակով:
Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է մի հատված Գևորգ Էմինի ձեռագրերից:
Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր խորհրդի անդամ գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Գևորգ Էմինի որդի՝ Արտաշես Էմինը: