Թրամփն առաջարկել Է ձերբակալել կոնգրեսական Շիֆին պետական դավաճանության համար
Advertisement 1000 x 90

Թրամփն առաջարկել Է ձերբակալել կոնգրեսական Շիֆին պետական դավաճանության համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 30-ին առաջարկել Է պետական դավաճանության համար ձերբակալել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից)՝ նրա կողմից ԱՄՆ-ի նախագահի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու միջեւ հեռախոսազրույցի փաստերի խեղաթյուրման պատճառով: Այդ մասին նա երկուշաբթի օրը գրել Է Twitter-ում:

«Կոնգրեսական Ադամ Շիֆն անօրինականորեն կեղծ ու ահավոր հայտարարություն Է հորինել՝ այն ներկայացնելով որպես իմ հայտարարությունը եւ Ուկրաինայի նախագահի հետ իմ խոսակցության ամենակարեւոր մասը: Եվ նա դա ընթերցել Է Կոնգրեսի եւ ԱՄՆ-ի ժողովրդի համար: Դա ոչ մի առնչություն չուներ այն բանի հետ, ինչ ես ասել եմ հեռախոսով: Ձերբակալությո՞ւն դավաճանության համար»,-նշել Է պետության ղեկավարը: Անցած շաբաթ Թրամփը կոչ Էր արել Շիֆին՝ հրաժարական տալ:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ Է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Այդ մասին հայտնի Է դարձել ամերիկյան հետախուզական ծառաձյություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա տակավին ամռանը ներկայացրել Է իր ղեկավարին: Կոնգրեսականների պահանջով, գանգատը փոխանցել են իրենց՝ ծանոթանալու համար, իսկ սեպտեմբերի 26-ին իրազեկչի հաղորդագրության տեքստը հրապարակվել Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կայքում:

Նաեւ ամերիկյան ԶԼՄ-ները պնդում Էին, որ ԱՄՆ-ի նախագահը փորձել Է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիեւին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել Է այդ խոսակցության սղագրությունը: Դրանից հետեւում Է, որ Թրամփն, իրոք, խնդրել Է Զելենսկուն՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց դրանում ԱՄՆ-ի նախագահի կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան: Զելենսկին ինքը նույնպես հավաստիացրել Է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա: Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում:

Նրանց կարծիքով, Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել Է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր