ԱՄՆ-ից 50 բժիշկներ Հայաստան են եկել 5-րդ Հայկական բժշկական առաքելության (Armenian Medical Mission) շրջանակում: Նրանք ընթացիկ շաբաթվա ընթացքում պացիենտներին անվճար խորհրդատվություն կտան, վիրահատություններ եւ այլ միջամտություններ կանցկացնեն Երեւանի բժշկական կենտրոններում եւ մարզերում, իսկ հաջորդ շաբաթ՝ Արցախում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը, ում ջանքերով է այս առաքելությունը ստեղծվել:
Հետաքրքիր է, որ բարեգործական առաքելությանը մասնակցող բժիշկների մեծ մասը հայկական ծագում չունի, բայց Հայաստան գալու եւ իրենց օգնության կարիքն ունեցողներին օգնելու ցանկություն է հայտնել:
«Այս մարդիկ հավատում են մեր առաքելության նպատակներին եւ ցանկանում են ծառայել մարդկանց: Երբ նրանք պացիենտի դեմքին ժպիտ են տեսնում, դա նրանց համար մեծ խրախուսանք է», – ասաց Պերճ Աբգարյանը:
Նրա խոսքով՝ առաքելությանը տարեցտարի միանում են ավելի մեծ թվով մասնագետներ եւ դոնորներ: Առաքելության շրջանակում 4 տարում բժշկական օգնություն է ստացել (այդ թվում՝ վիրաբուժական) 4997 պացիենտ: Այս տարի առաքելության կազմում կա 5 վիրաբույժ, որոնք կաշխատեն երկրի տարբեր կլինիկաներում՝ կատարելով ինչպես փոքր, այնպես էր խոշոր վիրահատություններ, ինչպես նաեւ ուսուցանելով տեղացի բժիշկներին, նրանց փոխանցելով իրենց գիտելիքներն ու փորձը: Հայաստան են ժամանել նաեւ բազմաթիվ այլ մասնագետներ՝ մանկաբարձ–գինեկոլոգներ, մանկաբույժներ, ատամնաբույժներ, անեսթեզիոլոգներ եւ այլոք։
Առաքելության շրջանակում կազմակերպական հարցերով զբաղվող բժիշկ Վաչե Վասիլյանը հայտնեց, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, բժիշկների խումբն աշխատում է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում, ատամնաբույժների մի խումբ մեկնել է Վանաձոր, մեկ ուրիշ խումբ՝ Գյումրի, իսկ մի քանի գինեկոլոգներ՝ Ախուրյան: Որոշ մասնագետներ, այդ թվում հայտնի վիրաբույժ Կառլ Օվադան, աշխատում են Երեւանում: Բժիշկները վաղը կաշխատեն Մասիսում, Մյասնիկյանում, վանաձորում եւ Ախուրյանում, իսկ չորեքշաբթիից՝ Լոռիի գյուղերում: Հաջորդ շաբաթ բժիշկների խումբը մեկնելու է Արցախ։
Առաքելությունն այս տարի իր հետ Հայաստան է բերել նաեւ ավելի քան 250 հազար դոլարի բժշկական սարքավորումներ (այդ թվում էլեկտրասրտագրման, ՈՒՁՀ սարքեր, լապարոսկոպիկ վիրաբուժության համար գործիքներ) եւ դեղեր: Այս ամենը կուղարկվի Երեւանի, Գյումրիի, Ախուրյանի, Մասիսի, Մյասնիկյանի, Քարակերտի եւ իհարկե՝ Արցախի բժշկական կենտրոններ:
Դրանից բացի, առաքելության շրջանակում վերանորոգվել է Աշտարակի բժշկական կոնտրոնի վիրահատարանը, որի համար ծախսվել է 325 հազար դոլար: Նոր վիրահատարանի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին:
Պերճ Աբգարյանը շեշտեց, որ այս առաքելությունը հնարավոր է դարձել Ֆրեզնոյի հայ համայնքի եւ այլ բարերարների նվիրատվությունների շնորհիվ: