Հայկական Խոհանոց
Advertisement 1000 x 90

Հայկական Խոհանոց

Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:

Շատ  կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:

Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով:

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը:

Հայկական մշակույթում սեղանը կարող էր իր շուրջը հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին:

Հայկական հյուրընկալություն

Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:

Բնակլիմայական պայմաններն իրենք են թելադրում երբ և ինչ ուտել: Ինչպես օրինակ ձմռանը պատրաստվող կերակուրները որպես կանոն հարուստ են ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով, որոնք օգնում են էներգիա կուտակել: Իսկ ամռանը պատրաստվող կերակուրների մեջ մեծ մաս են կազմում բանջարեղենը և կանաչեղենը:

Հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև ուտելի բույսերի առատությամբ: Հայկական լեռներում կարող ենք գտնել բազմաթիվ ուտելի բույսեր: Պատմագիտական նյութերի համաձայն հայերը հնուց ի վեր մեծ քանակությամբ բույսեր են օգտագործել կենցաղում: Հաշվվում են ավելի քան 300 տեսակի ուտելի բույսեր: Հայկական Խոհանոց ասելով առաջին հերթին պպատկերացնում ենք տոլման, խաշը, հարիսան, գաթան և այլն բայց այս ամենը զուտ կերակուրներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն, որոնցից շատերը պահպանվում են մինչ օրս:

Տոլմա

«Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դար: Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում: Դրանցից մեկն է Պասուց տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից: Հնում պասուց տոլման պատրաստել են գարնանամուտին, ինչը խորհրդանշում էր երկրագործական տարվա սկիզբը:

2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է: Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման:

Ամբողջությամբ՝ armgeo.am