Պողոս-Պետրոսը բացառություն չէր. 1920-30-ական թթ․ միայն Խորհրդային Հայաստանում փակվեցին ու հողին հավասարեցրին շուրջ 800 վանք, մատուռ ու եկեղեցի
Advertisement 1000 x 90

Պողոս-Պետրոսը բացառություն չէր. 1920-30-ական թթ․ միայն Խորհրդային Հայաստանում փակվեցին ու հողին հավասարեցրին շուրջ 800 վանք, մատուռ ու եկեղեցի

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Երևանի 1924 թ․ հատակագծում Ալեքսանդր Թամանյանը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ նախատեսում էր կիսաշրջանաձեւ հրապարակ, բայց քաղաքային իշխանությունները որոշում են քանդել եկեղեցին եւ նրա տեղում կառուցել «Մոսկվա» կինոթատրոնի շենքը։

Բազմաթիվ հայ ու օտար գիտնականներ, այդ թվում Խորհրդային Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Թամանյանն ու գիտական քարտուղար Աշխարհաբեկ Քալանթարը իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ընկնում են դռնեդուռ՝ փորձելով իշխանություններին հետ պահել 5-6-րդ դարերի եկեղեցին ու նրա որմնանկարները (հնագույնը՝ 5-րդ դարի էր) քանդելուց ու ավերելուց, բայց անարդյունք։

Թամանյանը գրում է․ «Եկեղեցու որմնանկարները համաշխարհային արվեստի տեսանկյունից ունեն բացառիկ նշանակություն։ Հուշարձանն իր բացառիկ մնացորդներով մեծ հեղաշրջում է առաջացնելու արվեստի պատմության մեջ»։

Նկարիչ-վերականգնող Գ․ Չիրիկովը, որմնանկարները մանրամասն ուսումնասիրելուց հետո, գրել է․ «Արեւելքի ու մասնավորապես Հայաստանի ձեռագրերի ու գեղանկարչական նյութի խոր ուսումնասիրումը կհակադրի փոխել եվրոպական գիտական աշխարհում գոյություն ունեցող կարծիքը յուղաներկ կերպի առաջացման ժամանակաշրջանի մասին եւ կարեւոր ճշտում կմտցնի գեղարվեստական գեղանկարչական մշակույթի ուսումնասիրման մեջ։ Շինությունը քանդելու մտքից պետք է մեկընդմիշտ հրաժարվել»։

Քաղաքային, հանրապետական ու միութենական իշխանությունները մնում են անդրդվելի եւ 1931-ին եկեղեցին քանդում են։ Նախապես որմնանկարների մի մասը հանում ու փոխադրում են տարբեր թանգարաններ։ Այսօր դրանք պահպանվում են Երևանի պետական պատկերասրահում եւ Հայաստանի պատմության թանգարանում։ Կինոթատրոնի հիմքերը քանդելու ժամանակ հայտնաբերվում են հնագիտական եզակի ու անկրկնելի գտածոներ, խճանկարի մնացորդներ, ինչը ոչնչացվում է։ Անդառնալի կորուստների գնով Երեւանը կառուցվում ու ընդարձակվում էր։

Ի դեպ, 1920-30-ական թթ․ միայն Խորհրդային Հայաստանում փակվեցին ու հողին հավասարեցրին շուրջ 800 վանք, մատուռ ու եկեղեցի։ Թուրքիայում արդեն խոնարհվել էին հայոց աղոթատներից 2350-ը։

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: