Բուքմեյքերների կյանքում մինչև 2020թ. նոյեմբեր ոչինչ չի փոխվի. հետո կգան դժվար ժամանակներ
Advertisement 1000 x 90

Բուքմեյքերների կյանքում մինչև 2020թ. նոյեմբեր ոչինչ չի փոխվի. հետո կգան դժվար ժամանակներ

Ազգային ժողովում այսօր շարունակվում է հերթական քառօրյան։ Նիստի մեկնարկին ԱԺ  փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն ու առաջին ընթերցումից հետո ստացած այն առաջարկները, որոնք ընդունվել են։

Նշենք, որ նախագծի հեղինակներն են Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և Նաիրա Զոհրաբյանը։

Նախագծի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ օրենքի նախագիծն ընդունելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսը որևէ բան չի փոխվելու այդ բիզնեսով զբաղվող տնտեսվարողների համար և բուքմեյքերական կետերը գործելու են այնպես, ինչպես գործել են։

«2020 թվականի նոյեմբերից սկսած՝ կետերի քանակը սահմանափակվելու է. յուրաքանչյուր ընկերություն ունենալու է մեկական կետ Երևան քաղաքի ամեն մի վարչական կենտրոնում, յուրաքանչյուր մարզի վարչական կենտրոնում և այն քաղաքաներում, որտեղ թույլատրվում է խաղատների գործունեությունը։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային սարքավորումներին, ապա դրանց արգելքը ուժի մեջ կմտնի օրենքը հրապարակելու ամսվան հաջորդող 7-րդ ամսվա մեկից. այսինքն՝ այդ բիզնեով զբաղվողներին տրվում է 6 ամիս ժամանակ»,- ասաց  Թունյանը։

Պատգամավորը նշեց, որ այս օրենքը կարգավորում է կանխիկով կատարվող խաղադրույքների հարցը, սակայն հայտնի է, որ ՀՀ-ում խաղադրույքների մեծ մասը՝ 80 տոկոսը, կատարվում է օնլայն տիրույթում։

«Մենք կառավարության մեր գործընկերների հետ եկել ենք պայմանավորվածության, որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը միասին պետք է գտնենք կոմպլեքս լուծումներ, որ՝ նախ օնլայն տիրույթում խաղամոլության հարցը լուծվի, ապա դա արվի հավասարակշռված ձևով: Այսինքն՝ էնպես չանենք, որ մարդիկ խաղան, բայց դա անեն օտարերկրյա՝ արտասահմանյան կայքերում։ Այդ դեպքում կստացվի, որ մենք ո՛չ խաղամոլության դեմ պայքարեցինք, ո՛չ օգուտ տվեցինք, միակ վնասը կլինի այդ ամենից այն է, որ փողը երկրից կգնա դուրս»,- ասաց  Թունյանը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ