Ի՞նչը ստիպեց Արարատն անհաս երազանքից դարձնել նպատակ:
Ես երազում եմ այն ամենի մասին ինչը չի կարող լինել։ Փոքր ժամանակ փակում էի աչքերս ու երևակայում թե թևեր ունեմ` երազում էի թռչելու մասին։ Կյանքում մնացած ամեն ինչը նպատակներ են, որոնք եթե շատ ցանկանաս կիրականանան։ Արարատը անհաս երազանք երբեք չի եղել։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Ինչպիսի պատնեշ էլ լինի մեր նպատակների ճանապարհին, դրանք միշտ բարձր են լինում, երբ նրանց ներքևից ես նայում։ Ուղղակի ոտքերիս տակ կամաց-կամաց բարձր ու ամուր քարեր շարելով հայտնվեցի պատնեշից ավելի բարձր ու տեսա դեպի գագաթ տանող ճանապարհը։
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Ընդհանրապես իմ պատկերացրած իրադարձությունները, որոնք շատ եմ չափել, ձևել, որոնց մասին երկար եմ մտածել չեն եղել։ Ուստի մեծ ջանքեր եմ գործադրել, որ լավ բաներ չմտածեմ։ Միայն մտովի նախապատրաստվում էի անսպասելի ու ոչ ցանկալի իրադարձություններում ճիշտ լուծումներ գտնելուն։
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Սիրու՜ն … վերելքը անբացատրելի գեղեցիկ էր ու գեղեցկացնում էր բոլորին, լուսավորում բոլորի աչքերը։
Ու ոչ մի անսպասելի ու ոչ ցանկալի իրադարձություն տեղի չունեցավ։
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Գագաթին մոտ 10 քայլ էր մնացել։ Դանդաղ բարձրանում էի, մեկ ու մեջ գլուխս բարձրացնելով։ Հանկարծ տեսա, որ ինձանից մի քանի քայլ վերև շատերը կանգնած նկարվում են… մի՞թե էլ բարձրանալու տեղ չկա… ու վե՞րջ… դա վե՞րջն է… դա հենց գագա՞թն է…
Այդտեղ լուսավոր է… այստեղից է լույսը բացվում ու ամեն առավոտ այստեղից ճառագող լույսն է երևում :
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Չգիտեմ լույսի մեծ, թե թթվածնի փոքր չափաբաժնից էր, բայց գագաթին ինձ մոլորված էի զգում։ Աննկարագրելի ուժեղ էյֆորիայի մեջ էր միտքս, քայլ առ քայլ կուտակված ու իր գագաթնակետին հասած էյֆորիա։
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Լույսի մեջ շփոթված աջ ու ձախ էի նայում, փնտրում էի մեկին, ում ամուր կգրկեի։ Գագաթներին ամենահիշարժանը հետդ դժվարություն հաղթահարած, արդեն հարազատ դարձած մարդկանց գրկելն է։ Գտա ու գրկեցի։ Լիարժեքացավ Արարատս…
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Գագաթներին մենք չենք փոխվում։ Մենք փոխվում ենք գագաթներ տանող ճանապարհներին։ «5165» ով «5165» անգամ «5165» տարբեր սարերի ճանապարհներին է կյանքս փոխվել։ Հենց այդ փոփոխության հետևանքն էլ դարձավ 5165 ից ներքև նայելու ցանկություն։
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Հիմա Արարատն ինձ համար այն քիչ սարերից մեկն է, որին կարող եմ տեսնել գրեթե ամեն օր ու ժպտալ ինձ երևացող այդ լուսավորի լուսավոր գագաթին։ Ժպտալ, ինչպես ամբոխի մեջ կժպտաս հեռվից նկատած մեկին ում լավ ես ճանաչում, ում շա՜տ ես ճանաչում, ով լուսավոր ու սիրու՜ն մեկն է քեզ համար։
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Արարատին ամենամոտը առաջին անգամ եղել եմ մի քանի տարի առաջ, Ակոռի գյուղի հին գերեզմանատան կողմից։ Ամենատպավորիչն է եղել, ամենախորհրդավորը։ Վստահ եմ, դեռ շատ տարբերակներ կան նրա մոտ գնալու։ Արարատի մոտ վերադառնալը միայն գագաթ բարձրանալը չէ։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Եթե Արարատ բարձրանալը երազանք է, ուրեմն երազելու ցանկությունը ավելի մեծ է, քան բարձրանալունը։ Մի երազեք լույսի մասին, լույսի հետևից գնալ է պետք, որ լույսոտվի ձեր միտքը ու ձեր կյանքի մոտեցումները փոխվեն 5165 աստիճանով։