Ջերմուկում բարձր ռադիացիոն ֆոնի մասին տեղեկությունները կառավարությունը թաքցնո՞ւմ է. analitik.am
Advertisement 1000 x 90

Ջերմուկում բարձր ռադիացիոն ֆոնի մասին տեղեկությունները կառավարությունը թաքցնո՞ւմ է. analitik.am

Վերջին շրջանում Ամուլսարի հետ կապված քննարկումներ են գնում, ըստ որի, Ամուլսարի տարածքում ուրան կա, և ըստ այդ, բարձր է ռադիացիոն ֆոնը. քննարկումների հիմքը խորհրդային շրջանում կատարված հետազոտություններն են:

Հայկ Բարսեղյանը, ով հայտնի Լևոն Բարսեղյանի որդին է, ում ֆինանսական աղբյուրը Սորոսի հիմանդրամն է, փորձագետ կամ որպես այդպիսին ներկայացող Սեյրան Մինասյանի հետ «սեփական նախաձեռնությամբ» հետազոտություն են անցկացրել, իսկ թե ում ֆինանսավորմամբ հայտնի չէ, միայն պնդում են, որ տարածքում բարձր է ռադիացիոն ֆոնը և հողի ընդերքում ուրան կա:

Շրջակա միջավայրի նախարարությունը նույնպես հղում է անում խորհրդային այդ փաստաթղթին ու կարծես համարում է, որ այն Ամուլսարում նոր հետազոտության հիմք կարող է հանդիսանալ։

Խնդիրն այն է, որ տպավորություն է ստեղծվում, որ ո՛չ նախարարությունը, ո՛չ Սորոսի հիմնադրամից սնվող անձինք չեն կարդացել խորհրդային փաստաթուղթը և չգիտեն Ամուլսարի տեղը։

Analitik.am-ին հայտնի է դարձել, որ ի պատասխան նախարարության հրապարակած փաստաթղթի՝ «Լիդիանը» մանրամասն վերլուծություն է ուղարկել կառավարություն, որտեղ մատնանշում է, որ խորհրդային տարիների հետազոտությունն արվել է ոչ թե Ամուլսարում, այլ Ամուլսարից 5 կմ հեռավորության վրա, որն ավելի մոտ է հենց Ջերմուկին, քան Ամուլսարին։ «Լիդիանը» պնդում է նաև, որ Ամուլսարում ոչ ռադոն, ոչ էլ ուրան չկա։ Իսկ ահա խորհրդային այդ հետազոտությունը, որը որոշ մարդկանց ձեռքին թաշկինակ է դարձել, վկայում է, Ջերմուկի մոտակայքում ռադիացիայի բարձր ֆոնի մասին։

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, «Լիդիանի» ավելի վաղ արված հետազոտությունները նաև բարձր ռադիացիոն ֆոն են ցույց տվել Ջերմուկի որոշ աղբյուրներում, ինչի մասին «Լիդիանը» տեղյակ է պահել կառավարությանը։

Ջերմուկ քաղաքի որոշ հատվածներում բարձր ռադիացիոն ֆոնի մասին է խոսում նաև խորհրդային տարիների այդ փաստաթուղթը, որն ազատ պտտվում է համացանցում՝ Սորոսի հիմնադրամից սնվող մեկ այլ անձի՝ Արա Պապյանի կողմից։

Ստացվում է, որ Ամուլսարում անվերջ ու անպտուղ հետազոտություններն ու կառավարության որոշում կայացնելու անկարողությունն ամեն ինչ խառնեց իրար, վեր հանելով գուցե լրջագույն խնդիր, որի տակից կառավարությունը հայտնի չէ, ինչպես է դուրս գալու։

Եթե հավատանք Սորոսի հիմնադրամից ֆինանսական կախում ունեցողների Ամուլսարի դեմ օգտագործվող այդ փաստաթղթին, ուրեմն բարձր ռադիացիոն ֆոնը ոչ թե Ամուլսարում է, այլ հենց Ջերմուկում։

Ու ստացվում է, որ նոր հետազոտություն հենց Ջերմուկում է պետք անցկացնել։ Ինչ է ստացվում, նման բան կա և կառավարությունը լռու՞մ  ու թաքցնո՞ւմ է բնակչության համար այս կարևոր տեղեկությունը:

analitik.am