Այսօր Մաշտոցյան #Մատենադարան/ում տեղի ունեցավ #ցերեկույթ նվիրված գրող, հրապարակախոս և կինոդրամատուրգ, «Մատենադարան» ֆիլմի համահեղինակ Կիմ Նաումովիչ Բակշիի հիշատակին:
Ցերեկույթին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ, դիվանագետներ և գիտնականներ: Բացման խոսքով հանդես եկավ Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը. «Կիմ Բակշիի գրած յուրաքանչյուր տողը ներծծված է հայ մշակույթի հանդեպ անսահման հարգանքով ու սիրով, նրա ակնարկներն ու էսսեները կարծես բացում են մեր աչքերը, մենք սկսում ենք հասկանալ մեր իսկ մատենագրությունն ու արվեստը, լցվում ենք հպարտությամբ ու ինքնավստահությամբ, որի կարիքը շատ ունենք, և, որ շատ կարևոր է՝ մեր կողքին մշտապես ներկա միջնադարյան կառույցներն ու ձեռագրերը, երաժշտությունն ու մանրանկարչությունը սկսում ենք ոչ միայն նայել, այլև տեսնել, ոչ միայն ականջ դնել, այլև լսել, ոչ միայն ընթերցել, այլև կարդալ ու ըմբռնել ասվածի խորքը. և այս ամենը կիմբակշիական մեկնաբանությամբ՝ չափազանց նրբազգաց ու բարձրաճաշակ մի մարդու, որը մեր իսկ մշակույթը վերադարձնում է մեզ, նորովի վերաիմաստավորում է այն ինչ մեր կողքին է»:
Խոսքով հանդես եկան նաև գրող-կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց Միության առաջին փոխնախագահ Լյուսի Ղուկասյանը: Հուշերով հանդես եկան նաև հրապարակախոս Սուրեն Սարգսյանը, լրագրող Սեյրանուշ Գեղամյանը և Գոհար Ռշտունին: Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Տառապանքներն ըստ Ռոսլինի» կինոնկարը #ԿիմԲակշի/ի սցենարով նկարահանված «Մատենադարան» ֆիլմաշարից: