Ոչ ոք, իհարկե, միտում չունի հաշվել ուրիշի եկամուտի չափը, բայց այնուամենայնիվ եկեք տեսնենք, թե ովքեր են ամենաճոխ կյանքով ապրող հայ հայտնիները:
Նազենի Հովհաննիսյանը Հայաստանի ամենալավ վարձատրվող հաղորդավարուհիներից մեկն է, իհարկե, նա միշտ ասում է, որ դրա համար օրնիբուն աշխատում է, և ես չեմ ժխտում դա, սակայն չեմ էլ կարող ժխտել, որ Նազենին կարող է իրեն թույլ տալ ճոխ կյանքով ապրել։
Նա տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնում է հանգստի, ունի մեքենա, տրիցիկլ, օգտվում է թանկ բրենդներից և շատ այլ վայելքներից: Ասեք, որ Հայաստանում ապրելու և աշխատելու համար վատ կյանք չէ:)
Մայա Պողոսյանի կյանքն էականորեն փոխվեց, երբ նա հանդիպեց Ավետիս Խախամյանին։ Ամուսինն ապահովում է Մայայի ճոխ ապրելակերպը։ Գլամուրային ամսագրի խմբագիրը պակաս գլամուրային կյանքով չի ապրում։ Մայայի ամիսն ամիս չէ, եթե նա երկրից դուրս չի գնացել։ Նրան հետևելով հասկանում ես, որ գրեթե ամբողջ տարին մեկնում է հանգստի։
Կան հայտնիներ, ովքեր կյանքն ավելի շատ վայելում են արտերկրում։ Արման Հովհաննիսյանը նրանցից մեկն է, որովհետև շատ չի սիրում լինել հասարակական վայրերում, որտեղ իրեն ճանաչում են։
Արմանն ամենաշատ ժամանակը, հավանաբար, անցկացնում է ինքնաթիռների մեջ, քանի որ անընդհատ մեկնում է արտերկիր՝ կորպերատիվ միջոցառումների և համերգների։ Հենց դա էլ լիքն է պահում նրա քսակը, ու Արմանն իրեն և ընտանիքին զերծ չի պահում թանկ հաճույքներից։
Մարտին Մկրտչյանի գործերը վերջին տարիներին բավականին լավացել են և նրան էլ կարելի է դասել ամենաապահով հայ հայտնիների շարքին։ Բացի այն, որ Մարտինը հարուստ խավի կորպորատիվ միջոցառումների ամենասպասված երգիչներից մեկն է, նա նաև բիզնես ունի՝ «Մյուզիք թրեվլը»:
Մարտինն ու կինը՝ Հռիփսիմե Հակոբյանը, իրենց կարող են թույլ տալ թանկարժեք հանգիստ, գնումներ և այլ վայելքներ։
Ալեքսանդր Բաբասյանը առիթը բաց չի թողում հպարտանալու, որ ինքը բավականին ապահովված է և կարող է իրեն ճոխություններ թույլ տալ: Իհարկե, նա ամեն առիթով հավատացնում է, որ իր ճոխ կյանքի համար աները ոչինչ չի անում, թեև նրան ոչ բոլորն են հավատում։
Հետևելով Ալեքսանդրին, կարելի է նկատել, որ ինչ-որ տեղ գնալիս նա ավելի հաճախ «թիթիզանում» է իր գնացած տեղի արժեքով, քան տպավորություններով։
Սարգիս Գրիգորյանը մի առիթով ասել է, որ ժամանակին ընտանիքում ունեցել են ֆինանսական խնդիրներ, ինքը վաղ տարիքից է սկսել աշխատել ու այժմ ցանկանում է ամեն բան անել, որպեսզի իր երեխաները ոչնչի կարիք չունենան։
Սարգսին դա հաջողվել է. դերասանական կարիերային զուգահեռ զբաղվելով բիզնեսով՝ Սարգիսն ապահովում է ընտանիքի բարեկեցիկ, նույնիսկ ճոխ կյանքը։ Նրա փոքրիկններն ու կինը ոչնչի պակաս չունեն։
Մենչը վերջին շրջանում շատ քիչ է երևում հեռուստատեսությամբ, սակայն հեռուստադիտողները հետևում են նրա՝ բավականին եկամտաբեր նախագծերին։ Նրա ընտանիքն ապրում է ճոխ պայմաններում։ Նա կնոջ՝ Քրիստինայի հետ բավականին հաճախ է լինում արտերկրում, վայելում կյանքի թանկ հաճույքները։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ Քրիստինան երեխաների հետ է մեկնում արտերկիր՝ առանց Մենչի։
Գոհար Հարությունյանի կյանքը շատ ավելի բարելավվեց, երբ նա ամուսնացավ։ Գոհարի ամուսինը բիզնեսմեն է և կարողանում է ապահովել կնոջ և երեխաների բարեկեցիկ կյանքը։ Մոդելը պարբերաբար նշում է, որ չի սիրում ճոխություններ, սակայն միայն նրանց տունը բավական է ենթադրելու համար, թե որքան ապահովված են նրանք։
Իրինա Թովմասյանը նախկինում էլ էր ապահովված ընտանիքից, սակայն երկրորդ ամուսինը շատ ավելի բարեկեցիկ դարձրեց նրա կյանքը։ Ամուսինը ոչինչ չի խնայում սիրելի կնոջ և երեխաների հարմարավետ ու ճոխ կյանքն ապահովելու համար։
Իհարկե, ճոխ կյանքով ապրող հայտնիների ցանկում չէր կարող չլինել Սիրուշոն։ Երգչուհին, ինչ խոսք, լավ է վաստակում, սակայն ընտանեկան կարգավիճակն էլ նրան թույլ է տալիս ունենալ այն, ինչ մտքով կանցնի։
Նախագահական ընտանիքի անդամ լինելը Սիրուշոյին հնարավորություն է տալիս նույնիսկ չաշխատել և ապրել ճոխ կյանքով, լինել աշխարհի տարբեր անկյուններում, վայելել կյանքի՝ ոչ բոլորին հասանելի հաճույքները։