«Ոչ ոք արժանի չէ այդքան փողի». Մարկ Ցուկերբերգ
Advertisement 1000 x 90

«Ոչ ոք արժանի չէ այդքան փողի». Մարկ Ցուկերբերգ

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ աշխարհում չպետք է միլիարդատերեր լինեն: Ֆորբսը, հղում անելով Բլումբերգին, նշում է, որ Մարկը նշել է, թե օգտագործում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ իր կարգավիճակը բարի գործերի համար: Նա միջոցներ է ներդնում իր և կնոջ ստեղծած բարեգործական կազմակերպության մեջ: Միլիարդատերերի մասին իր հայտարարությամբ նա մեկնաբանել է օրեր առաջ ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսի այն առաջարկը, թե պետք է նոր հարկատեսակ կիրառել երկրի ամենահարուստ քաղաքացիների հանդեպ:

«Ոչ ոք արժանի չէ այդքան փողի: Կարծում եմ, որ եթե ինչ-որ լավ բան ես անում, պարգևատրում ես ստանում: Սակայն կարծում եմ, որ հարստությունների մեծ մասը մարդկանց մոտ կուտակվում է չհիմնավորված կերպով»,- ասել է Ցուկերբերգը: Միլարդատերը նաև տեղեկացրել է, որ իր և կնոջ ստեղածած Chan Zuckerberg Initiative բարեգործական կազմակերպության մեջ հսկայական ներդրումներ է կատարում, որպեսզի առաջիկա 100 տարվա ընթացքում բոլոր հիվանդությունները բուժելի դառնան: Առայժմ իր ստեղծած հիմնադրամի՝ հանրային ֆինանսավորման հույս Ցուկերբերգը չունի: Այդ պատճառով էլ սեփական միջոցներն է ներդնում՝ փորձելով առավելագույնը քաղել միլիարդատիրոջ իր կարգավիճակից: «Առաջարկությունները, թե ամեն ինչ պետք է արվի պետական փողի հաշվին, իմ կարծիքով աշխարհը և շուկան կզրկեն մոտեցումների բազմազանությունից»,- ասել է երիտասարդ գործարարը:

Ֆորբսի համաշխարհային վարկանիշում Մարկ Ցուկերբերգն աշխարհի մեծահարուստների շարքում 8-րդն է՝ 66,6 միլիարդ դոլար կարողությամբ: Բեռնի Սանդերսի հայտարարությունը նա մեկնաբանել է ֆեյսբուքյան ուղիղ հարցուպատասխանի ժամանակ, որի ընթացքում ցանկացած բաժանորդ կարող էր հարց ուղղել նրան: Սենատոր Սանդերսի հնչեցրած գաղափարները մեկնաբանելու խնդրանքն ուղղած բաժանորդը նշել է, որ Ցուկերբերգը միակ միլիարդատերն է, որի հետ ինքը կարող է խորհրդակցել այդ հարցում:

Վերմոնտ նահանգից ընտրված սենատոր Բեռնի Սանդերսն առաջարկել է հատուկ հարկատեսակ կիրառել բոլոր այն տնային տնտեսությունների նկատմամբ, որոնք ունեն 32 միլիոն դոլար և ավելի արժեքով ակտիվներ: Նախագծի համաձայն՝ մեծահարուստների հանդեպ կիրառվելու է պրոգրեսիվ հարկատեսակ: 32 -50 միլիոն դոլար կարողություն ունեցողներին առաջարկվում է հարկել յուրաքանչյուր դոլարից 1 տոկոսի չափով: Միլիարդատերերի համար Սանդերսն առաջարկել է կիրառել յուրաքանչյուր դոլարից առնվազն 5% հարկ: Սենատորի առաջարկած նախագծի համաձայն՝ առավելագույն՝ 8%, հարկը կմուծեն նրանք, ում կարողությունը գերազանցում է 10 միլիարդ դոլարը: Ֆորբսի ցուցակում այդպիսի կարողությամբ 40 միլիարդատեր կա: The New York Times-ի հետ հարցազրույցի ընթացքում Բեռնի Սանդերսը հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է կրճատել «եկամուտների մակարդակի և հարստության նողկալի, գրոտեսկային և անբարոյական անհավասարության մակարդակը»: «Կարծում եմ, որ միլիարդատեր ընդհանրապես պետք է չլինի: Իմ առաջարկը ձեռնտու չէ միլիարդատերերին, և նրանց զրկում է կարողության զգալի մասից: Սակայն կարծում եմ՝ մենք հենց դրան պետք է հասնենք»,- եզրափակել է նա:

Լուսանկարը՝ Getty Images

b4b.am