Կրակոցներ և սպանություն՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից արձակված 4 պարկուճ, shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կրակոցներ և սպանություն՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից արձակված 4 պարկուճ, shamshyan.com

Հոկտեմբերի 9-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զուրաբյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալներ Արսեն Կոստանդյանն ու Արթուր Մելիքյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի մեծ թվով ծառայողներ՝ դասակի հրամանատար Գրիգորի Կիզիրյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի, և կա վարկած, որ այդ քաղաքացին նշված վայրում է հրազենային վնասվածքներ ստացել։

Դեպքի վայրում բացօթյա նստարանի մոտ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզելում են մահացածի ինքնությունը, փաստի առթիվ էլ քննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։ Ոստիկաններն ու քննիչներն արդեն դեպքի որոշ հանգամանքներ գիտեն և նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com