Վիտալի Բալասանյանը երկրորդն էր Արթուր Վանեցյանից հետո, որ ասաց Նիկոլին` կա՛նգ առ, հավելմամբ` թույլ չենք տալու: Բալասանյանի մտքերը խորապես կոդային էին: ՈՒ նրանց հմայքն այն էր, որ նրանք հողից, հողի հետ համերաշխությունից էին ծնված, ի տարբերություն Նիկոլի հեղափոխության կոդերի, որոնք մշակել են աշխարհն արմագեդոնի տանող հեռավոր, գիշատիչ մետրերը, որի ճիչերից մեկն էլ Թուրքիայի` հերթական անգամ Սիրիա ներխուժումն է, սպասվող տարածաշրջանային արյունալի վերադասավորություններով։ Սակայն այսօր մեր թեման բացառապես «Վիտոն» է:
ՈՒ քանի որ վերջինիս մտքերը հողի ու սրտի կսկիծի կոդայնության մեջ էին` աշխատելու են, անշուշտ ոչ այսպահային տեսանելիությամբ, թեև Արցախի հերոս Վիտալի Բալասայանը այնպիսի հզոր Օվերտոնի պատուհան բացեց, որից դուրս է թռչելու շատ բան: Չի բացառվում, որ այնտեղից «ինքնաթռիչքի» գնա նաև ինքը` Վիտալին, որպես առաջինը ճամփա բացող նախակարապետ, ինչին ինքը գնացել է խիստ գիտակցված: Ասել է` արդեն իսկ հայաստանյան, կրկնենք, հայաստանյան ԱԱԾ-ն, «արդարադատությունը»… Ձգենք պաուզան. այն արդարադատությունը, որն ազատ է արձակել «Ծռերին»` ՊՊԾ շենքը գրավելու, երեք ոստիկան սպանելու անտանելի բեռը ուսերին կրողներին, ու հիմա փորձում է «պատասխանատվության» կանչել այլ երկրի, կրկնում ենք, այլ երկրի` Արցախի Հանրապետության հերոսին:
Նկատում եք` ոչ միայն Վիտալի Բալասանյանի մտքերն էին խիստ կոդային, այլև դրանց հետևող գործողություններն են լինելու էլ ավելի կոդային, որովհետև սա այն էներգետիկ գայթաքարն է, որի վրա սայթաքելու է Նիկոլի «թավշյա», թեկուզ և դրսից հզորագույնս մոդերացվող իշխանությունը:
Որտեղի՞ց է գալիս մեր համոզմունքը: Բանն այն է, որ ի տարբերություն Արթուր Վանեցյանի կիսամտքերի, որոնք դեռ իրենց շարունակությունը չեն գտել, ու եթե չգտնեն, ապա Արթուր Վանեցյանը կմնա կեսճամփին, նույնը չես ասի Բալասանյանի մասին այն առումով, որ վերջինս ոչ թե Վանեցյանի նման հորիզոնական հարթության մեջ պատասխանեց Նիկոլին, այլ խիստ ուղղահայաց: «Վիտոն» մի նիշ գծեց, որը Փաշինյանի ֆեյքային ֆաբրիկաներն ու արտադրամասերը երբեք չեն կարող հաղթահարել, էլ առավել իր պաշտոնյաները, ինչպիսին, ասենք, բանակում չծառայած («զբոռնի պունկտում» Պուտինի կենսագրությունը իր «պանծալի» վարքականոնի հետ համադրած, հոր ինքնասպանությունը «ողջունած» ոմնի) ԱԱԽՔ Արմեն Գ.-ի մակարդակում:
Ասել է` առաջին անգամ, ի դեմս Վիտալի Բալասանյանի, ուղղահայացի հայտ ներկայացվեց, ինչի «տակից» Նիկոլը չի կարողանալու դուրս գալ: Ավելին` խորանալու է այդ «գետնին» վրա նրա «մահը», քանզի Բալասանյանի «կոնտր-ուդարներն» անչափ լավ են հաշվարկված այն առումով, որ Նիկոլը ոչ մի արգումենտ չունի ընդդեմ Բալասանյանի հնչեցրած մտքերի.
Այն է, Դուք, պարոն Նիկոլ, ոչ մի տեսլական չեք ներկայացրել Արցախի հարցով, Դուք ոչ մի փաստաթուղթ չեք փոխանցել արցախյան կողմին, Դուք, պարոն Նիկոլ, փաստաթղթեր եք վերցրել Ալիևից` վերելակում գտնվելիս, դրա համար էին Ձեզ «մտցրել վերելակ», Դուք, պարոն Նիկոլ, խիստ մտածված եք Արցախը մարզ համարում, պարոն Նիկոլ, Դուք փորձում եք Արցախի նախագահական ընտրություններում Ձեր թեկնածուին անցկացնել, որպեսզի կյանքի կոչեք ձեր տեսլականը, որն է` Արցախը մարզ է, իսկ Ձեր թեկնածուն Արցախի մարզպետ, ու… Իսկ հիմա` շա՜տ ուշադիր:
-Դուք, պարոն Նիկոլ, մշտական կապի մեջ եք եղել «Սասնա ծռերի» հետ, որոնց հանդիպեցիք նաև օրերս` լեգիտիմացնելով այդ կապը` ի ցուցանք և ի սպառնալիք բոլորի. հեղափոխության պլան «բ»-ն մշակելու, կյանքի կոչելու` ընդդեմ բալասանյանների «ուղղահայացի»։ Իսկ պլան «ա»-ն` «Ծռերի» հետ մշակած», ՊՊԾ շենքի գրավման ժամանակ ժողովրդին բախման տանելն էր քո՛, Նիկոլ Փաշինյան, քո՛ կողմից, ինչը քեզ թույլ չտրվեց, որպեսզի երկրորդ Մարտի 1 չարվի…
Ասում են` չկա բան, որ չգա լույսի մեջ: Շարունակաբար էլ` ճանաչեք ճշմարտությունը, և այն կազատի ձեզ:
«Վիտոն» ասաց ճշմարտությունը: Նշանակում է` շուտով ազատվելու ենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ