Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, մեր երկրից հեռանալուց հետո շարունակում է կիսվել այստեղ ստացած իր տպավորություններով և արված լուսանկարներով:
38-ամյա հեռուստաաստղը Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընթրիքից մի լուսանկարով՝ անելով հետևյալ գրառումը. «Ընթրիքը նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ հզոր էր: Հայաստանում այնքան հիանալի բաներ են կատարվում»:
Այս հանդիպման մասին ավելի վաղ գրառում էր արվել սոցիալական ցանցերում ՀՀ նախագահի պաշտոնական էջերում: Մասնավորապես, Արմեն Սարգսյանի պաշտոնական Instagram-ի էջում արված գրառման մեջ ասվում էր. «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»:
Քիմ Քարդաշյանը Instagram-ում աշխարհում ամենաշատ հետևորդներ ունեցող օգտատերերից է: Նրա հետևորդների թիվն ավելի քան 149 մլն է:
Նախօրեին նա մեկ այլ հրապարակմամբ կիսվել էր Էջմիածնում իր երեխաների մկրտության արարողության լուսանկարներով: Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերն իրենց երեխաներին Էջմիածնում մկրտել էին հոկտեմբերի 7-ի առավոտյան:
Քիմ Քարդաշյանը Հայաստանում էր իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել էին նաև Ծիծեռնակաբերդ:
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան էր այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։