«Կերածս կուլ չի գնում». մանրամասներ ԱՊՀ ղեկավարների ընթրիքից և Փաշինյան-Ալիև զրույցից. lragir.am
Advertisement 1000 x 90

«Կերածս կուլ չի գնում». մանրամասներ ԱՊՀ ղեկավարների ընթրիքից և Փաշինյան-Ալիև զրույցից. lragir.am

Բոլորը լուռ ուտում են այն բանից հետո, երբ տանտեր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բոլորի աչքի առաջ սեփական դիմումի համաձայն ցմահ հացադուլի նշանակեց ապուրն ուշացրած խոհարարին:

Կերածս կուլ չի գնում,- որոշ ժամանակ անց ասում է Իլհամ Ալիևը թեքվելով Փաշինյանի կողմը:

Ոչինչ, կխնդրենք, երևի կների,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Խոհարարն ինչ, դու ինձ չներեցիր, դրա համար կերածս կուլ չի գնում,- ասում է Ալիևը:

Հաաա, դե դրա համար ամեն բան չեն ուտում, Ադոլֆիչ, էհ՝ Հեյդարիչ,- ժպտալով ասում է Նիկոլ Փաշինյանը:

Չհասկացա, մենյուն խեղաթյուրում ես,- խեթ նայում է Ալիևը:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղում է.- Հեյդարիչ, դու կիրթ մարդ ես, դու չգիտե՞ս, որ մենյուն ու պատմությունը նույն գրքի տարբեր երեսներն են, ուրեմն պատմությունը որ փոխում ես, կերածդ էլ հետը փոխվում ա:

Գիրք ասեցիր, հիշեցի, էդ ի՞նչ գիրք նվիրեցիր Նժդեհին, էհ, Նժդեհին եմ ասում, Պուտինին,- ասում է Ալիևը:

Հեչ, Թրամփն էր խնդրել, տվել էր Քիմը հետը բերել էր Հայաստան, որ ինձ տա, ես էլ Պուտինին: Չեմ էլ նայել, ինչ գիրք էր,-  աղցանը համտեսելով առանց Ալիևի կողմը նայելու ասում է Նիկոլ Փաշինյանը:

Չեմ հավատում, Թրամփը էլ ուրիշ ձև չունե՞ր գիրքը Պուտինին փոխանցելու, պետք ա Քիմի միջոցով փոխանցե՞ր,- հարցնում է Ալիևը:

Դե ես էլ սկզբից մտածեցի Քիմը կատակ ա անում, բայց որ էսօր Պուտինը հարցրեց Թրամփը բան չի փոխանցե՞լ, հասկացա, որ կատակ չի,- ասում է Փաշինյանը դարձյալ առանց Ալիևի կողմը նայելու:

Նիկոլ, ձեռ ես առնու՞մ,- հարցնում է Ալիևը:

Հեյդարիչ, չէ, ոնց, մարդը կնեղանա, որ իմանա ընկերոջը ձեռ եմ առնում,- ասում է Նիկոլ Փաշինյանը սեղանին նստած Լուկաշենկոյի կողմը ցույց տալով:

Բայց Բատկան իրենց կողմ չի նայում, ափսեի մեջ ինչ որ բանի է ուշադիր նայում և զննում պատառաքաղով:

Բան չեմ հասկանում,- բարձրաձայն մտածում է Ալիևը:

Ինչի՞ց,- հարցնում է Փաշինյանը:

Էս ամեն ինչից,- դարձյալ ավելի շատ բարձրաձայն մտածելով և ինքն իրեն խոսողի տոնով արձագանքում է Ալիևը:

Դե դրա համար էի ասում, որ առանց հասկանալու խոսում ես: Իսկ առանց հասկանալու խոսելը լավ բանի չի հանգեցնում,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն է, ես կիմանամ, թե ինչ է փոխանցել Թրամփը, նրանք ինչ որ բան են մտածել իմ և Ռեջեփ Թայիբիչի դեմ, ես պետք է իմանամ,- ասում է Ալիևը

Նիկոլ Փաշինյանը դարձյալ ծիծաղում է.- Դե լավ լավ, կատակ եմ անում, Կազիմիրովի գիրքն եմ նվիրել, Արցախի մասին: Ի դեպ, մի քիչ խոսենք էդ մասին, պատրաստիր ժողովրդիդ խաղաղության, գտիր բացատրելու ձևը, որ Արցախը Հայաստան է և պատերազմով ոչնչի չես հասնելու, գոնե հասցրու հասնել խաղաղության, քանի տարիքդ ու առողջությունդ, ու էն, բանը՝ հա, Մեհրիբանը ներում է: Թե չէ բոլորը կամաց-կամաց հասկանում են, որ Արցախը Հայաստան է, կմնաս միայն դու:

Տարիքիս ու առողջությանս հետ գործ չունես, իսկ ես քեզ հետ խոսելու բան չունեմ, Մեհրիբանը Ադրբեջան է, և վերջ, էէէ, ասում եմ Մեհրիբանը, Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ,- տեղից վեր կենալով ի պատասխան բացականչում է Ալիևը:

Մեհրիբանի անունը լսելով բոլորը մի պահ լռում են ու նայում Ալիևի կողմ: Նույնիսկ Լուկաշենկոն կտրվում է ափսեից ու նայում Ալիևին:

Էդ ինչ Նժդեհ կծեց… էհ, մեղու կծեց ձեզ, Իլհամ Հեյդարովիչ,- հարցնում  է Պուտինը:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, հենց հիմա բոլորիս մոտ ասեք, թե ինչ է փոխանցել ձեզ Թրամփը Քիմի և Նիկոլի միջոցով, ինչ եք պայմանավորվում իմ և Ռեջեփ Թայիբիչի թիկունքում,- բացականչում է Ալիևը:

Ինչ Քիմ, Քիմն ո՞վ է,- հարցնում է Պուտինը զարմացած, հայացքը դռան մոտ կանգնած Պեսկովին ուղղելով: Պեսկովը մի պահ ուղղում է բեղերը, հետո արագ դուրս է գալիս, մտածելով, որ Նավկան չիմանա, թե ինքը Քիմի անունը լսելով ուղղել է բեղերը:

Դե երևի քիմիայի կրճատ տարբերակն է, Վոլոդյա,- կողքից ասում է Լուկաշենկոն:

Բայց քիմիան էստեղ ինչ կապ ունի, Նիկոլ Վովաևիչի նվիրած գիրքը քիմիայի մասին չէր, Ղարաբաղի մասին էր, Իլհամ Հեյդարիչ, հանգստացեք,- ասում է Պուտինը:

Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ,- չի հանգստանում Ալիևը:

Պուտինը նայում է Լուկաշենկոյին:

Ինձ մի նայիր, Վլադիմիր, դու էլ գիտես, Նիկոլի հետ հեշտ չէ,- ասում է Լուկաշենկոն,- այ օրինակ Գագիկը՝ Նիկոլայիչ, պատմում էր, որ …

Գագիկ Նիկոլայիչը ո՞վ է,- հարցնում է Պուտինը:

Դե նա էլ իմ ընկերն է, Հայաստանում է, դե շատ մեծ տուն ունի, գազաններ, կուսակցություն, գործարաններ, եկեղեցի, նույնիսկ բացմանն եմ եղել Ռոբերտի ու Սերժի հետ, ուրեմն նա վերջերս պատմում էր…,- շարունակում է Լուկաշենկոն:

Բայց Պուտինը նրան չի լսում, որովհետև Պեսկովը մոտենալով ցույց է տալիս Քիմի նկարը:

Ահա, նա է Քիմը, որն Ալիևն ասում էր, միայն թե Տանյան չիմանա, որ ես եմ բերել ձեզ նկարը, շեֆ,- զեկուցում է Պեսկովը:

Դիմա, քեզ ասացի հետևիր շեֆիդ, բաժանվիր, այ Քիմն ուրիշ բան, թե չէ քիմիա հա քիմիա,- դեմքին բավականությամբ ասում է Պուտինը:

Lragir.am-ի ֆուտուրիստական  դիտարկումների բաժին



Նման նյութեր