Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունն առնվազն 40 մարդու կյանք է խլել. NHK
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունն առնվազն 40 մարդու կյանք է խլել. NHK

Ճապոնիայում առնվազն 40 մարդ է զոհվել «Հագիբիս» թայֆունից, որն անցած հանգստյան օրերին մոլեգնել է երկրի կենտրոնական ու արեւելյան տարածաշրջաններում, 16 բնակիչ անհայտ կորած է համարվում: Այդ տվյալները հոկտեմբերի 14-ին հրապարակել է NHK հեռուստաալիքը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես տարերային աղետների հետեւանքների վերացման ճգնաժամային շտաբի խորհրդակցությունում հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, 30 հազար ճապոնացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ եւ տարերքի հարվածից հետո գտնվում են տարհանման կենտրոններում:
«Քանի որ ներկայում կան բազմաթիվ անհայտ կորածներ, մենք ակտիվ որոնողափրկարարական գործողությունը շարունակում ենք շուրջօրյա ռեժիմով: Մենք մեծ վնաս ենք արձանագրել թայֆունից, եւ այժմ 30 հազար մարդ չի կարողանում տուն վերադառնալ»,- ասել է նա:
Այն շրջաններում, որտեղ մոլեգնել է թայֆունը, շարունակում են վերականգնել ենթակառուցվածքը: Աշխատանքներում ներգրավված են փրկարարներ եւ Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներ: Տոկիոյում եւ հարեւան պրեֆեկտուրաներում Էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով առանց էլեկտրականության է մնում շուրջ 53 հազար տուն: Ամբողջ երկրում ավելի քան 130 հազար բնակարաններում ու տներում բացակայում է ջրամատակարարումը:
Երկաթուղային տրանսպորտը, այդ թվում՝ ճեպընթացները, ինչպես սպասվում է, բնականոն աշխատանքը կվերականգի օրվա ընթացքում: Տոկիոյի «Նարիտա» եւ «Հանեդա» օդանավակայանները չվերթներն ընդունում եւ ուղարկում են սովորական ռեժիմով: