Սիրիայի քրդերի հրամանատարը ամերիկացիներին զգուշացրել է, որ կդիմի ռուսներին
Advertisement 1000 x 90

Սիրիայի քրդերի հրամանատարը ամերիկացիներին զգուշացրել է, որ կդիմի ռուսներին

Սիրիայի հյուսիսի քրդական զորամիավորումների՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ, գեներալ Մազլում Քոբանի Աբդին չի բացառում, որ անվտանգության խնդրանքով կարող է դիմել Ռուսաստանին։

Ինչպես հաղորդում է CNN-ը, Իսլամական պետության դեմ պայքարի հարցերով գլոբալ կոալիցիայի հատուկ բանագնացի տեղակալ Ուիլյամ Ռոբաքին (William Roebuck) քուրդ հրամանատարը հինգշաբթի ասել է․ «Դուք լքել եք մեզ։ Դուք մեզ թողնում եք մորթվելու»։

Այդ խոսակցության տեքստը բացառիկ հասանելի է դարձել CNN-ին։

«Դուք չեք ցանկանում պաշտպանել մեր ժողովրդին, բայց նաև չեք ուզում, որ ուրիշ ուժ գա մեզ պաշտպանելու։ Դուք մեզ ծախել եք։ Դա անբարոյականություն է»,- ասել է Մազլումը։

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ քուրդ գեներալը պնդել է, որ կա՛մ ԱՄՆ-ը պետք է միջամտի կանխելու իրենց դեմ Թուրքիայի հարձակումը, կա՛մ էլ թույլ տա, որ իրենք գործարքի գնան Ասադի ռեժիմի և նրա հովանավորող ռուսների հետ՝ թույլ տալով, որ ռուսական օդանավերը Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում հաստատեն ոչ թռիչքային գոտի՝ դրանով իսկ կանխելով օդային հարվածներ հասցնելու Թուրքիայի հնարավորությունը։ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ քրդերը դիմեն ռուսներին։

«Ես ցանկանում եմ իմանալ, թե արդյոք դուք ունակ եք պաշտպանելու իմ ժողովրդին, թույլ չտալու, որ այդ ռումբերը շարունակեն ընկնել մեզ վրա։ Ես ցանկանում եմ դա իմանալ, որովհետև, եթե դուք դա չեք անելու, ես պետք է Ռուսաստանի և [Ասադի] ռեժիմի հետ գործարքի գնամ այժմ և խնդրեմ, որ նրանց օդանավերը պաշտպանեն այս տարածաշրջանը»,- ասել է Մազլումը։

Մարիա Եղիազարյան

Լուսանկարը՝ Militarytimes.com-ից

civilnet.am



Նման նյութեր