Բարի երթ «168 Ժամին», 168.am-ին և 168TV-ին
2004 թվականի սեպտեմբերի 9-ին՝ 15 տարի առաջ, լույս տեսավ «168 Ժամ» թերթի առաջին տպագիր համարը։
2006 թվականին թողարկեցինք մեր ինտերնետային կայքը, որը, սակայն, ավելի ակտիվ և 24-ժամյա ռեժիմով սկսեց գործել 2015 թվականից։
Այսօր արդեն «168 Ժամն» իր ընթերցողին կներկայանա 168TV ֆորմատով։ Հետևեք մեզ 168.am-ում, youtube-ի և Facebook-ի մեր էջերում՝ լուրերի թողարկումների, հաղորդաշարերի տեսքով։ Մեր խստապահանջ ընթերցողի, տարբեր ոլորտների ներկայացուցիչների, փորձագետների և, իհարկե, մեր քաղաքացիների օգնությամբ կփորձենք ներկայացնել հայաստանյան և միջազգային կարևոր իրադարձությունները։
Մոտ երկու տարվա դադարից հետո եթերում կլինեմ նաև ես՝ «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարով։
Բարի երթ «168 Ժամին», 168.am-ին և 168TV-ին։
Շնորհակալ եմ մեր ընթերցողին, 168-ի ողջ թիմին և մեր բոլոր գործընկերներին՝ աջակցելու և մեծ նվիրումի համար։
Սաթիկ Սեյրանյան, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ»-ի գլխավոր խմբագիր