Էստոնիայից Ֆինլանդիա մեկնող հայ երիտասարդները Հայաստանի դրոշն են ծածանել Բալթիկ ծովում։ Sputnik Արմենիայի տեսանյութում դիտեք` ինչ ոգևորությամբ են նրանք մեկնում Ֆինլանդիա–Հայաստան խաղը դիտելու։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի FAF ֆան-ակումբի անդամներն այս պահին նավով մեկնում են Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի, որտեղից էլ պիտի ուղևորվեն Տուրկու քաղաք` Ֆինլանդիա–Հայաստան խաղը դիտելու։ Վաղվա խաղին նրանք «պատրաստվում» են նավում և, եռագույնը ծածանելով, երգում. «Ոչ մի քայլ հետ, դեպի նոր հաղթանակներ…»։
Նշենք, որ երիտասարդներին չի հուսահատեցրել հավաքականի նախորդ` Լիխտենշտեյնի հետ հանդիպման արդյունքը։
Հավաքականի երկրպագուները հավատում են, որ վաղը տեսնելու են Հայաստանի հավաքականի հաղթանակը։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն արդեն Տուրկուում է, ֆուտբոլիստները հանգրվանել են «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում: ԵՎՐՈ-2020–ի ընտրական փուլի շրջանակում Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 20։00-ին: