ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի այն ռազմական գործողությունների պատճառով, որոնք Անկարան սկսել է Սիրիայում, և որը ո՛չ ԱՄՆ–ի, ո՛չ էլ ԵՄ–ի աջակցությունը չի ստանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 14–ի, լույս 15-ի գիշերն այս մասին գրել է Twitter–ում։
«Շուտով հրաման կստորագրեմ, որը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի գործող և նախկին պաշտոնյաների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք նպաստում են Սիրիայի հյուսիս–արևելքում Թուրքիայի ապակայունացնող գործողություններին», – գրված է հայտարարության մեջ։
Փաստաթուղթը լայն սպեկտր է ընդգրկում` ֆինանսական պատժամիջոցներ, սեփականության արգելափակում և ԱՄՆ մուտք գործելու արգելք։
ԱՄՆ–ն թուրքական պողպատի տուրքը կհասցնի 50%–ի, ինչպես նաև կհրաժարվի Անկարայի հետ «100 մլրդ դոլարի» առևտրային գործարքի հետագա բանակցություններից։
Զորքը, որն ԱՄՆ–ն դուրս է բերում Սիրիայից, Թրամփի խոսքով, տարածաշրջանում կմնա, որպեսզի «մոնիթորինգի» ենթարկի իրավիճակը և 2014 թվականի կրկնություն թույլ չտա, երբ Սիրիայի և Իրաքի զգալի հատվածն անցավ ԻՊ ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։
Statement from President Donald J. Trump Regarding Turkey’s Actions in Northeast Syria pic.twitter.com/ZCQC7nzmME
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 14, 2019