Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 18-ին Հայաստանի պետական կամերային երգչախումբը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում հանդես կգա լայնամասշտաբ համերգային ծրագրով: Երգչախումբը երեկոյին կներկայացնի Կոմիտասի հարուստ ու բազմաժանր երաժշտական ժառանգությունը:
«Ամեն անգամ, երբ խոսում ենք մեծն Կոմիտասի մասին, փաստում ենք, որ քիչ ենք նրան ներկայացնում երկրագնդով մեկ: Կոմիտասը մեր ակադեմիական երաժշտության մեծերից է, հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Նրա երաժշտությունն ունի առանձնահատկություններ, որոնք հնարավոր չէ գտնել այլ ազգերի երաժշտարվեստում: Այդ մեղեդիները լսելով` օտարները մշտապես մեծ հիացմունք են ապրում: Մենք երջանիկ ենք, որ կարողանում ենք աշխարհում ներկայացնել զարմանահրաշ կոմպոզիտորին»,- լրագրողների հետ զրույցում նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
Նա շեշտեց, որ այսօր մեր երկիրը չի կարող հնարավորություններ ստեղծել, որ երգչախումբը տարվա երեք ամիսը շրջագայի և Կոմիտասի գործերը հնչեցնի տարբեր երկրներում: «Այս համերգը նույնպես շատ ողջունելի է: Հրաշալի է, որ մենք կարող ենք Փարիզի հեղինակավոր սրահում Կոմիտաս կատարել»,-ասաց Մլքեյանը:
Անդրադառնալով համերգի բովանդակությանը` գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ երգացանկում ներառել են Կոմիտասի խմբերգերի բոլոր ժանրերը` քնարական, սիրային, աշխատանքային, ողբերգ, ծիսական, հոգևոր և այլն: Ընդգրկել են նաև Կոմիտասի մեներգեցողությունը, դաշնամուրային գործեր:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի խոսքով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում ելույթն աննախադեպ ու պատվաբեր իրադարձություն է մեր մշակութային կյանքում: Նա նշեց, որ այս համերգային ծրագրի նախադրյալները հավանաբար ստեղծվել են դեռ տասը տարի առաջ, երբ երգչախումբը Փարիզում ներկայացել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված ծրագրերով:
«Հրավիրվել էին դասախոսներ Սորբոնի համալսարանից, որոնք Կոմիտասի կյանքի և գործունեության մասին բավականին շատ տեղեկություններ ունեին: Դա ապացուցում է, որ Կոմիտասը համաշխարհային մեծության կոմպոզիտոր է: Օտարները նրան ճանաչում են, խոնարհվում են նրա առաջ»,-շեշտեց տնօրենը:
Համերգին որպես մենակատարներ հանդես են գալու դաշնակահարուհի Նվարդ Ալոյանը, սոպրանո Սոֆյա Սայադյանը, տենորներ Ռազմիկ Բաղդասարյանը և Վրեժ Ղարիբյանը, բաս Արմեն Գրիգորյանը, բարիտոններ Հովհաննես Գրիգորյանն ու Մավր Մկրտչյանը, մեցցո սոպրանո Աշխեն Թադևոսյանը:
Վարդապետի հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին կոլեկտիվի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ:
Համերգային ծրագրերն իրականացվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ: