«Արմենիա միջազգային օդանավակայանները» 20 միլիոն դոլարի ներդրում կկատարի Գյումրիի օդանավակայանում
Advertisement 1000 x 90

«Արմենիա միջազգային օդանավակայանները» 20 միլիոն դոլարի ներդրում կկատարի Գյումրիի օդանավակայանում

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 20 միլիոն դոլարի ներդրում կատարել Գյումրիում՝ օդանավակայանի զարգացման գործում:

Այս մասին հայտարարեց ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում՝ հայտարարելով եվրոպական նոր՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը հայկական ավիաշուկա:

Այն չվերթներ կիրականացնի դեպի Երևան և Գյումրի՝ ամեն տարի ավելացնելով չվերթների հաճախականությունը: «Ընկերությունը մեծ օգուտ կբերի երկրին՝ նոր ուղղություններով և շատ զբոսաշրջիկներով: Հայաստանցիները տարբեր ուղղություններով ու էժան ավիատոմսերով շրջագայելու հնարավորություն կունենան: Կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա, քանի որ ՀՀ կառավարությունը ևս հետաքրքրված է դրանում: Ապրիլին, երբ Ryanair-ը սկսի չվերթները, այնտեղ պատրաստ կլինի նոր ժամանման սրահը, որտեղ հնարավոր կլինի նոր չվերթներ ընդունել»,- հայտարարեց Վենդեն:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: Ներկայիս գործող օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982թ.: Վազքուղու վրա և թռիչքադաշտում խոշորածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ չէին իրականացվել, ինչի պատճառով թռիչքուղին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ կառամատույցում, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը: 2007թ. ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:



Նման նյութեր