Հայաստանում WCIT 2019՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԱՏՁՄ) հաղորդագրություն են ուղարկել՝ նշելով, որ ցանկանում են երկրում ներդրում կատարել: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:
«Համաժողովն անցել է սպասումներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Բոլոր բանախոսների հետ կապի մեջ ենք, առանձին-առանձին զրուցում ենք ցանկացածի հետաքրքրությունների մասով: Որոշներն արդեն նամակներ են ուղարկել, որ ուզում են ներդրումներ կատարել Հայաստանում՝ թե ընկերությունների, թե վենչուրային ֆոնդերի համար»,-ասաց Եսայանը:
Ներդրումներ կատարելու ցանկություն հայտնածների անունները Եսայանը դեռ չհնչեցրեց, սակայն նշեց, որ դիմողների քանակը 4-ից ավելի է:
Համաժողովի շրջանակում հայաստանյան տարբեր ընկերություններ հանդիպումներ են ունեցել արտերկրից ժամանած անձանց, ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության նպատակով: Եսայանը հայկական ընկերություններին հորդորեց բարձրաձայնել համաժողովի շրջանակում ձեռք բերված համագործակցությունների մասին, թեև նշեց, որ որոշների մասին իրենց տեղեկացրել են հաղորդագրություններով:
Եսայանը նաև շատ արձագանքներ է ստացել Հայաստանում գրասենյակներ ունեցող արտասահմանյան ընկերություններից: Նրանցից որոշները Հայաստանում գործունեությունն ավելի մեծացնելու որոշում են ընդունել: Իսկ Սան Խոսեի պետական համալսարանում մտածում են հայաստանյան բուհերի հետ համագործակցության մասին: SkyDeck աքսելերատորն արդեն հայկական ստարտափերի հետ աշխատում էր, և համաժողովից հետո դրական լիցքերով շարունակում են քննարկումները:
Եսայանը շեշտեց՝ Հայաստանն այդ 3 օրերին դարձավ կենտրոն: Նրա խոսքով՝ հետազոտություն են անում, սակայն արդեն ունեն նախնական տվյալներ, որ Google-ում Հայաստան բառով որոնումներն այդ օրերին մի քանի անգամ գերազանցել են նախկինում նույն ժամանակահատվածում երբևէ արված ամենաշատ որոնումների քանակը։
Հայաստանում WCIT 2019-ի անցկացման համար ծախսվել է ավելի քան 5 մլն դոլար, պետությունն աջակցել է համերգի կազմակերպման համար՝ բյուջեից հատկացնելով 450 մլն դրամ: Եսայանը նշեց, որ մեծ գումար է ներգրավվել ԱՏՁՄ-ի և հովանավորների միջոցով: