Մի բան էլ եմ նկատել։
Դեռ մի քանի տարի առաջ, երբ ես ոչ հետաքրքրվում էի քաղաքականությամբ ու ոչ էլ ցանկություն ունեի էս ամեն ինչի մեջ մտնել, ինձ համար իմ գործն էի անում տարբեր ոլորտներում, կային մարդիկ, որոնք գուցե ամենավերևում չէին, բայց իրենց տաքուկ տեղն ունեին համակարգում, սնվում էին դրանից, զբաղեցնում էին պաշտոններ, լուրջ դեմքերով ու թանկ կոստյումներով երբեմն հյուր էին գալիս իմ այս կամ այն աշխատավայր։
Եղավ իշխանափոխություն, երևացող մարդիկ կորցրեցին իրենց դիրքերը, իսկ էս «խավը» մնաց նույն տեղում։ Իրենք շարունակում են աշխատել նույն պաշտոններում (դեռ մի բան էլ կարիերային աստիճանով վերև են գնացել՝ զբաղեցնելով ազատված տեղերը), շարունակում են վայելել բարձր պետպաշտոնի բարիքները ու սրբի դեմքով ման են գալիս քաղաքում, ասես իրենք էն նոր սերունդն են, որը կերտում է Նոր Հայաստանը։
Էն մարդիկ էլ, դե չար անցյալն են, անցած էտապ։ Ստացվում է, որ սկզբունքային մարդիկ այլևս տեղ չունեն էս երկրում, իսկ անսկզբունքայինները՝ միանալով դելետանտներին, պետք է կերտեն Նոր Հայաստանը։
Շատ հեշտ է պատկերացնել թե ուր է տանելու այս ճանապարհը ու ինչ տեսք է ունենալու այդ Նոր Հայաստանը։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: