Բարի լույս:
Նոր մի հետաքրքիր ու կարևոր թեմայի շուրջ տեսա, որ Կրթության նախարարությանը շատերը հայհոյում են, ասի մի բան ասեմ:
Հարգելի համերկրացիներ ջան, էտ որ ասում եք ԲՈՒՀ-երում հայոց լեզու և գրականությունը պարտադիր չլինելը ապազգային է ու չգիտեմ նման բաներ, ասենք խորությամբ գիտակցելո՞վ եք դա ասում:
Հավանաբար, նման տեսակետ ունեցողների համար պարզ չի չէ ինչ է ԲՈՒՀ կոչեցյալը և ինչ դեր ու նշանակություն ունի կրթության համակարգում: Պա՞րզ չէ, որ այնտեղ հայտնվելու նախապայման պետք է լինի հայերենի լավ իմացությունը (ինչը և կա), ոչ թե այնտեղ հայտնվելով հայերեն սովորելը: ԲՈՒՀ-երում պետք է ստանան մասնագիտացում, ոչ թե գնան հինգ և ավել տարի թիթեռ նկարեն, ոնց որ հիմա է:
Տեղից էլ այս կառավարող թիմը սխալներ շատ է անում, ու արդար չի նման թեմաներով նման սուր քննադատության ենթարկել` ընդ որում իմ համոզմամբ առանց խորությամբ ձեր քննադատության առարկան ընկալելու և հիմնավորելու կարողության:
Այս դիրքորոշումը համոզումով եմ գրում, քանի որ գիտեք, որ աշխարհում մի քանի լավագույն ԲՈՒՀ-երից քաջատեղյակ եմ: Եվ ինձ համար տարօրինակ կլիներ, երբ օրինակ ամերիկյան ԲՈՒՀ-ում, եթե մասնագիտացումը լեզվի մասով չէ, պարտադիր լիներ անգլերեն լեզվի դասերը կամ ամերիկյան գրականության ընթերցումը: Ինձ համար տարօրինակ կլիներ, եթե Բելգիայի ԲՈՒՀ-երում պարտադրեին ֆլամերեն կամ ֆրանսերեն սովորել, ընդ որում, երբ այս երկուսն էլ պետական լեզու են: Նույն կերպ ինձ համար տարօրինակ էր, որ տնտեսագիտություն մասնագիտացման մեջ, պարտադիր էին հայերենի դասերը, երբ հայոց լեզվի քննությունը ընդունվելու համար պարտադիր նախապայման էր:
Հայերենը, մեր գրականությունը և պատմությունը, եթե դրանք մասնագիտացման մաս չեն, չպետք է ԲՈՒՀ-երում պարտադիր լինեն:
Լավ օր բոլորիդ:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: