ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձև աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է:
Ինչպես հայտնեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի և խոհանոցի գործունեությունը կասեցվել է մինչև դրանց հիմնանորոգման ավարտը և հայտնաբերված խախտումների վերացումը:
Արտաշատի ավագ դպրոցում հանրային սննդի կետեր չկան:
Տեսչական մարմինը նաև դիմել է ՀՀ դատախազությանը՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր առ այն, որ Արտաշատի թիվ 2 հիմանակն դպրոցում անցկացված վերահսկողողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել է մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական:
Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետից վերցված պիցցայի նմուշների լաբորատոր փորձաքննության տվյալներով՝ դրանցում պաթոգեն մանրէներ՝ սալմոնելա և ոսկեգույն ստաֆիլակոկ, չի հայտնաբերվել: Աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների (ՄԱՖԱՄ) նկատմամբ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն մյուս առաջիկա շաբաթվա սկզբին: