Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր է առաջարկել Երևանում կեսժամյա վայրէջքով՝ առանց ուղևորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երևանում ուղեւորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից և տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղեւորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երևանում վայրէջքի ընթացքում նրանք կմնան օդանավում, նրանց բեռները չեն տեղափոխվի, իսկ տարանցման առավելագույն ժամանակը կկազմի 35 րոպե»,-հավելել են Georgian Airways-ում:
Մեկ մարդու հաշվով տոմսերի արժեքը կազմում է 193 եվրո՝ երկու ուղղությամբ:
Ավիաճյուղի աղբյուրը «Ինտերֆաքս-Տուրիզմ» պորտալին պատմել է, որ միջանկյալ վայրէջքներով մինչև Թբիլիսի չվերթներն իրականացվում են Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների արգելման պահից:
«Դրանում ոչ մի նոր բան չկա: Վրացական ավիաընկերությունները կարող են ՌԴ-ից կատարել տարանցիկ չվերթներ, դա օրենքի խախտում չէ»,- ընդգծել է նա: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելում է հուլիսի 8-ից ՌԴ-ի տարածքից չվերթներ կատարել Վրաստան: