ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կողմ կլինի, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ստանա համապատասխան պատիժ միայն այն դեպքում, երբ օրինական կերպով կապացուցվի նրա գործողություններում հանցակազմի առկայությունը, անօրինականությունը: Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Եթե ցանկացած գործունեության մեջ կա հանցանք, անօրինականություն, պատժելի է: Սակայն նրա աղջիկների նկատմամբ հարցաքննությունն ինձ համար անընդունելի է: Այսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, թող ներկայացնեն նրա գործողություններում առկա հանցակազմը, մենք հասկանանք, որ նա ինչ-որ հանցանք է կատարել ու կողմ կլինենք, որ նա պատժվի: Մենք հանցագործությանը կողմ չենք»,- ասաց Ծառուկյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հրայր Թովմասյանին համարում է ՍԴ լեգիտիմ նախագահ, ոմանք ասում են, թե լեգիտիմ չէ, նա պատասխանեց՝ ինչու լեգիտիմ չէ: «Եթե հիմնավորում բերվի, որ նա իսկապես լեգիտիմ նախագահ չէ, մենք կհամաձայնվենք»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք շտապողականություն չի տեսել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացում, Ծառուկյանն ասաց՝ նույն շտապողականությունը տեսել է նաև հեղափոխությունից հետո: «5-6 դեպք կա, որ նույն մոտեցմամբ՝ պատգամավոր եղած ժամանակում ընտրվել են տարբեր պաշտոնների»,- նշեց Ծառուկյանն ու հիշեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, որը եղել է պատգամավոր, հետո դարձել նախարար: