7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արևելյան ափի մոտ:
Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 6-ին (Երևանի ժամանակով 01:00-ին): ԱՄՆ-ի Ազգային երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Իվակի քաղաքից 67 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Երկրաշարժը տեղի է ունեցել 10-ից մինչև 11 կիլոմետր խորության վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տեղական ժամանակով 6:49-ին ցունամիի առաջին ալիքը՝ շուրջ 60 սանտիմետր բարձրությամբ հասել է ափ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Օնոհամա նավահանգստի շրջանում: Ցունամիի երկրորդ ալիքի բարձրությունը կազմել է 90 սանտիմետր:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Ճապոնական յոթբալանոց սանդղակով երկրաշարժի ավերիչ ուժը կազմել է հինգ բալ Ֆուկուսիմայում. Տոկիոյում այն չի գերազանցել երեք բալը:
Ցունամիի սպառնալիքի պատճառով «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում կանգնեցվել է բանեցված միջուկային վառելիքի հովացման համակարգը:
Որոշ ժամանակ անց 5,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Ֆուկուսիամայի պրեֆեկտուրայում, հաղորդել է BBC-ն:
Լուսանկարը`AP