Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի հոբելյանը կնշվի խոշոր համերգով
Advertisement 1000 x 90

Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի հոբելյանը կնշվի խոշոր համերգով

Պ.Ի.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ:

Ժնևի կոնսերվատորիայի մասնակցությամբ համերգին ելույթ կունենան հայ-շվեյցարական համատեղ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի և դիրիժոր Խուան Դավիդ Մոլանոյի ղեկավարությամբ:

Երաժշտական կատարումներով հանդես կգան դպրոցի երգչախումբը և ջազ նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Սարինե Ավթանդիլյանի և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրին մասնակցում են 10-18 տարեկան հայ և շվեյցարացի պատանի երաժիշտներ:Միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցն ունի բազում ավանդույթներ, մշակութային կապեր, որոնք շարունակվում են մինչ օրս: Արդեն 80 տարի է դպրոցը փայլուն շրջանավարտներ է տալիս՝ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ, հմուտ մանկավարժներ, երաժշտական-հասարակական գործիչներ: