Francis Kurkdjian.մի բրենդի պատմություն. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Francis Kurkdjian.մի բրենդի պատմություն. vnews.am

Ֆրենսիս Քուրքջյան անունը շատ լավ  հայտնի է համաշխարհային պարֆումերային շուկայում։ Միջազգային մամուլը նրան հոտառության վարպետ է անվանում: Նա հանդիսանում է «Francis Kurkdjian» օծանելիքի տան հիմնադիրը։

Ֆրենսիս Նուրհան Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են եղել և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, այնուհետև հետագայում հաստատվել Ֆրանսիայում: Մայրական պապը եղել է տղամարդկանց հագուստի դերձակ, իսկ հայրական պապը՝ մորթողենի վաճառական, որտեղից էլ ծագել է իրենց ազգանունը (քուրք բառից)։ Հայրը եղել է ինֆորմատիկայի բնագավառի ինժեներ։ Հոր հորեղբայրը եղել է երաժիշտ Արա Պարթևյանը։ Քուրքջյանը փոքրուց հետաքրքրվում էր արվեստով և երազում էր հայտնվել բեմում:

Փարիզի օպերային դպրոցի քննությունն անհաջող հանձնելուց հետո նրան հետաքրքրեց օծանելիքագործությունը։ 1990 թվականին նա մեկնեց Վերսալ և ստացավ մասնագիտական կրթություն։ Փորցառություն անցնելուց հետո աստիճանաբար մասնագիտանում է։ 25 տարեկանում ստեղծեց իր առաջին աշխատանքը՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտյեի պատվերով։ «Le Mâle»-ի ստեղծման համար մոտ քսան բաղադրիչ է ստեղծվել, այդ թվում օշինդր, անանուխ, նարդոս, հիլ, դարչին, նարինջ, սանդալի յուղ, վանիլ և այլն։

Այդ օծանելիքի սրվակն անձամբ ձևավորել է Ժան Պոլ Գոտյեն։ Օծանելիքի խորհրդանիշը ֆրանսիական նավատորմի նավաստին է։ Ֆրանսիսը 1999 թվականին կոսմետիկ պարագաներ արտադրող «Elizabeth Arden» ընկերության համար ստեղծել է «Green Tea» բուրմունքը, իսկ «Burberry» ընկերության համար՝«My Burberry» բուրմունքը։ Ֆրենսիս Քուրքջյանը ավելի քան հարյուր օծանելիքի և բույրերի հեղինակ է։ 2004 թվականին Քուրքջյանը վերստեղծել է Մարի Անտուանետի սիրված բույրը՝ օգտվելով 18-րդ դարի վերջին Ֆրանսիայի թագավորական արքունիքի պալատի օծանելիքագործի բանաձևերից։ «Sillage de la Reine» այդ օծանելիքը վաճառվում է միայն Վերսալի պալատում։ Քուրքջյանը ստեղծում է նաև բույր, մեկ օրինակով, պատվիրատուի համար։ Համագործակցել է Papier d’Arménie (Հայկական թուղթ) ընկերության հետ։

vnews.am