
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է այն գաղափարին, որ ստեղծագործական բաղադրիչ պարունակող պետական գնումները կարող են իրականացվել մեկ անձի կողմից:
Այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Պետական միջոցներով գնումների վերաբերյալ այն անհասկանալի գլխացավանքը, որ տարիներ շարունակ առկա էր ստեղծագործական կառույցներում, վերանում է, որովհետև մենք մեր գործընկերներին` ՀՀ ֆինանսների նախարարությանը և այլ կառույցների կարողացանք բացատրել, որ արվեստում տեխնիկական բնութագիրը և դրա արդյունքում ձևավորվածը համադրելի չեն: Մենք չենք կարող տեխնիկական բնութագրով երաշխավորել տեխնիկական աշխատանքը»,-շեշտեց Խզմալյանը:
Նա ընդգծեց, որ գնումների մասին օրենքի վերաբերյալ քննարկումներ են ունեցել ստեղծագործական կառույցների, տարբեր հաստատությունների ներկայացուցիչների ու մասնագետների հետ: