Նիկիտա Սիմոնյանին շնորհված պետական պարգևը կհանձնի Նիկոլ Փաշինյանը 23.10.2019 Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին կհանձնի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը։
Այս մասին ArmSport.am-ը տեղեկացել է Նիկիտա Սիմոնյանի հետ ունեցած զրույցի ընթացքում։
Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար լեգենդար մարզիկին պարգևատրելու հրամանագիրը Վարչապետի միջնորդությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր դեռևս այս տարվա հուլիս ամսին։
ՀՀ Վարչապետը հոկտեմբերի 25-ին Մոսկվա է ժամանելու ԵԱՏՄ Միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
ԽՍՀՄ բազմակի և Օլիմպիական չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և ՄՕԿ-ի ոսկե շքանշանի ասպետ և Ռուսաստանի ֆուտբոլի միության ներկայիս առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին վարչապետ Փաշինյանը պետական պարգևը կհանձնի ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիսավոր պայմաններում։
Վաստակավոր մարզիչը, ում ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973թ․ դարձավ Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր, մինչ այս արժանացել է Հայաստանի պետական տարբեր պարգևների․ Պատվո շքանշան՝ 2011թ․, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ՝ 2013թ․։
Ի՞նչ հարցերի շուրջ է զրուցելու անվանի գործիչը երկրի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում։
«Ես նրան միայն մեկ ասելիք ունեմ․ մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն մեր ազգի․․․․ Եվ վերջ․․․»,– մեզ հետ զրույցում կիսվում է Նիկիտա Սիմոնյանը։
Նիկիտա Սիմոնյանի հետ ArmSport.am-ի զրույցը՝ շուտով